14:40 | 14.11.11 | Նորություններ | 9859

Հայաստանում գործարկվել է պետական գնումների էլեկտրոնային համակարգ

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ֆինանսների նախարարությունը գործարկել է պետական գնումների էլեկտրոնային Armeps (www.armeps.am) համակարգը, որով ապահովվում են հանրային գնումների մրցույթների իրականացման էլեկտրոնային ընթացակարգերը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ներկայացնելով համակարգը, ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն այսօր ասել է, որ այն բացառում է հայտերի փոփոխությունը, ապահովելու է արդար մրցակցության բոլոր նորմերը եւ թույլ է տալու կատարել պետական գնումներ առավելագույն անաչառ կերպով:

Նախարարի խոսքերով, համակարգի առավելություններն են մրցութային փաստաթղթերի հեշտ հասանելիությունը, հայտերի՝ օնլայն-ռեժիմում ներկայացման հնարավորությունը, գնման գործընթացին վերաբերող տեղեկատվության թարմացումների մասին տեղեկացումը, ինչպես նաեւ միջնորդների անհրաժեշտության վերացումը:

Վաչե Գաբրիելյանն ասել է, որ արդեն մի շարք գնումների հայտարարություններ տեղադրվել են համակարգում, եւ մատակարարներն արդեն կարող են գրանցվել այնտեղ եւ թողնել հայտեր:
 
«2012 թ-ից պետական համակարգի շուրջ 60 մարմիններ ամբողջությամբ կանցնեն նոր համակարգին, ինչն էապես կնվազեցնի թղթատարությունը եւ գրեթե կվերացնի կոռուպցիոն ռիսկերը»,- ասել է Վաչե Գաբրիելյանը, հավելելով, որ Armeps-ը ստեղծված է եվրոպական երկրներում գործող նմանատիպ համակարգերի օրինակով:  

Նախարարը տեղեկացրել է, որ մրցույթների միջոցով է կատարվում պետական գնումների շուրջ 85%-ը, իսկ տարեկան պետությունը կատարում է շուրջ 450 մլրդ դրամի ($1.2 մլրդ-ի) գնումներ:

«Քանի որ Հայաստանն ընդգրկված է Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պետական գնումների համակարգում, Armeps-ից կարող են օգտվել նաեւ արտասահմանյան մատակարարները»,- եզրափակել է նախարարը:

Համակարգից օգտվելու մասին տեսահոլովակին կարելի է ծանոթանալ այստեղ: