Երեւան: Մեդիամաքս: Այսօր Երեւանի պետական համալսարանի Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի մասնաշենքում բացվել է Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, նախագծի հայաստանյան համահեղինակ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն ասել է, որ կենտրոնի հիմնական առաքելությունն է Հայաստանում ստեղծել ՏՀՏ մասնագիտական ուսուցման և այդ ոլորտում գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար մի հատուկ միջավայր, որը կնպաստի երկրում համաշխարհային մակարդակի բարձրակարգ ՏՀՏ ոլորտի աշխատուժի զարգացմանը:
Կենտրոնի ստեղծման և գործունեության ծրագիրն իրականացնում են` ՀՀ կառավարության անունից` Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Հնդկաստանի կառավարության անունից` Հաշվողական առաջատար մշակումների կենտրոնը (C-DAC): Կենտրոնի հիմնման աշխատանքներին աջակցել է նաև Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակը:
Կենտրոնի ստեղծման նպատակով հայկական կողմն ապահովել է անհրաժեշտ տարածք, համապատասխան փորձագետներ և աշխատակազմ: Հնդկական կողմը Հայաստան է գործուղել իր փորձագետներին՝ կենտրոնը հիմնելու տեխնիկական աջակցություն տրամադրելու նպատակով, վերապատրաստել է հարյուրից ավելի հայ մասնագետների, Հայաստան է բերել PARAM սուպերհամակարգիչը, անհրաժեշտ ծրագրային ապահովում և սարքավորումներ:
Հնդկական կողմի ներդրումների ծավալը կենտրոնի սարքավորումների համար կազմել է շուրջ $ 1 մլն:
Param սուպերհամակարգիչը օգտագործվելու է համակարգիչների, համակարգչային տեխնիկայի եւ ծրագրային ապահովման հնարավորությունների մեծացման (High Performance Computing), կենսաինֆորմատիկայի եւ քիմիայի ոլորտներում հետազոտությունների անցկացման նպատակով: