15:23 | 05.11.11 | Նորություններ | 789

Orange-ը կներկայացնի տոնական նոր առաջարկներ ինտերնետի եւ մուլտիմեդիա ծառայությունների ոլորտում

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր լրացել է Հայաստանում Orange Armenia ընկերության գործունեության երկրորդ տարին:

Orange Armenia ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան այսօր կայացած ասուլիսում ասել է, որ Orange-ը “այլընտրանքային լուծում է դարձել հայաստանցի բաժանորդների համար”:

“Orange-ն իսկապես նոր ընտրություն է առաջարկել հայ բաժանորդներին: Վերափոխում եղավ ինտերնետի շուկայում. մեծացել է այն մարդկանց բանակը, ովքեր օգտվում են լայնաշերտ ինտերնետից: Ընկերության 3G+ ցանցը 500 կայանների օգնությամբ ծածկում է բնակչության ավելի քան 95%-ը եւ հասանելի է նույնիսկ հեռավոր գյուղական համայնքներում: Ձայնային ծառայությունների շուկայում առաջարկել ենք եվրոպական մոտեցում, որն արտահայտվում է ոչ միայն սակագնային պլանների կառուցվածքում, այլ նաեւ ծառայությունների հետ միասին առաջարկվող հեռախոսներում` ընդհուպ մինչեւ 1 դրամով»,-ասել է նա:

Նրա խոսքերով, Orange-ի մուտքը Հայաստանում արտահայտվում է բաժանորդների յուրաքանչյուր օրվա փորձառության մեջ:

«MiFi-ը թույլ է տալիս անձնական WiFi ստեղծել եւ ազատորեն օգտվել դրանից: WiFi-ն այժմ ամենաուր է`կանգառներում, համալսարաններում, մինչեւ անգամ ավտոբուսներում:  Ընկերությունը իր բազմաթիվ նախագծերի եւ հովանավորության ծրագրերի միջոցով խթանեց եւ խրախուսեց հայ երիտասարդներին` Նորարարության մրցանակ, ԲԱՑ ԽԱՂ հայկական արտադրության համակարգչային խաղերի մրցույթ, Գրքի մրցանակ, Ազգային կինոյի մրցանակաբաշխություն եւ այլն»,-ասել է Orange-ի գլխավոր տնօրենը:

Նա նշել է, որ Orange-ը կորպորատիվ գործունեությանը զուգահեռ ծավալում է նաեւ բարեգործական աշխատանքներ հատուկ այդ նպատակով ստեղծված Orange հիմնադրամի միջոցով, որն իր գործունեությունը ծավալում է առողջապահության (աուտիզմ, տեսողություն, լսողություն) եւ կրթության ոլորտներում: