12:56 | 02.11.11 | Նորություններ | 3225
Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել»-ը կկարողանա իր բաժանորդային գծերով ապահովել մինչեւ 60 Մբիթ/վ ինտերնետի արագություն, այսօր հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն` ներկայացնելով առաջիկա տարիներին Հայաստանում ինտերնետի զարգացման ուղղությամբ ընկերության ծրագրերը:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, Իգոր Կլիմկոն ասել է, որ, հետեւելով շուկայական պահանջարկին, ընկերությունը վերջին 1-2 տարում ցանցային ենթակառուցվածքում ներդրել է շուրջ $30 մլն` արագությունների պրոգրեսիվ աճի նպատակով:
«Մեր ցանցը պատրաստ է ավելի մեծ արագության, եւ այսօրվա շնորհանդեսն ազդանշան է Հայաստանի ինտերնետ-հանրությանը, թե ինչպես է ապագայում զարգանալու ինտերնետը Հայաստանում»,- ասել է Իգոր Կլիմկոն:
«ԱրմենՏել»-ի տեխնիկական տնօրեն Վլադիմիր Սաչկովը ներկայացրել է VDSL տեխնոլոգիան, որի միջոցով ընկերությունն արդեն 2012-ին կկարողանա ինտերնետ ապահովել: Տեխնոլոգիան հնարավորություն է տալիս ապահովել բաժանորդներին տվյալների փոխանցման (downstream) մինչեւ 60 Մբիթ/վ եւ հակառակը (upstream)` մինչեւ 11 Մբիթ/վ արագություն:
Իգոր Կլիմկոյի խոսքերով, «ԱրմենՏել»-ն առայժմ չունի նման արագության կարիք ունեցող բավարար քանակությամբ բաժանորդներ, սակայն, ընկերության տնօրենի կանխատեսումներով, առաջիկա 2 տարիների ընթացքում ընկերության բոլոր բաժանորդները ADSL-ից կանցնեն VDSL տեխնոլոգիայի:
«Եթե այսօր բաժանորդների համար կապի ամենատարածված արագությունը 1-3 Մբիթ/վ է, ապա հաջորդ տարվա վերջին, կարծում եմ, այն կկազմի 5-10 Մբիթ/վ»,- ասել է Իգոր Կլիմկոն` հավելելով, որ պահանջարկի հետ զուգահեռ ընկերությունը շարունակելու է ավելացնել արագությունը` առանց սակագների փոփոխության:
Հայաստանում D-Link-ի (VDSL սարքավորման մատակարար) ներկայացուցչության ղեկավար Արմեն Շահնազարյանը ներկայացրել է VDSL-մոդեմների նմուշները: Նա հայտնել է, որ նման սարքավորումը լայն տարածում ունի Հարավարեւելյան Ասիայում, սակայն դեռեւս չի կիրառվում մեր տարածաշրջանում: