14:17 | 26.10.11 | Նորություններ | 3508
Երեւան/Մեդիամաքս/. Մեծածախ ինտերնետ-օպերատոր «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ–ի համապետական ծածկույթի 10 Գբ/վ թողունակությամբ IP/MPLS ցանցը հասանելի է արդեն նաեւ Բյուրեղավանում, Էջմիածնում եւ Ծաղկաձորում:
Վերոնշյալ բնակավայրերում շահագործման են հանձնվել ընկերության ցանցային հանգույցները, որոնք հագեցած են ամերիկյան Juniper Networks արտադրության գերժամանակակից սարքավորումներով, ինչը հնարավորություն է ընձեռում ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ընկերությանը այս քաղաքներում մատուցել IP տարանցման, ինտերնետ հասանելիության, տվյալների հաղորդման, վիրտուալ մասնավոր ցանցերի (VPN) եւ այլ ծառայություններ շարժական կապի օպերատորներին, ինտերնետ ծառայություն մատուցողներին եւ կորպորատիվ հաճախորդներին, տեղեկացրել են ընկերությունում:
Ներկայումս ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ-ի ցանցին միացված են Հայաստանի 31 քաղաքներ (ներառյալ Երեւանը, Գյումրին եւ Վանաձորը), իսկ առաջիկա ամիսներին կմիացվեն եւս 7-ը՝ Իջեւանը, Նոյեմբերյանը, Գավառը, Մեղրին, Եղվարդը, Մարտունին եւ Մեծամորը: