14:02 | 26.10.11 | Նորություններ | 2972

Նոյեմբերի 15-ին կմեկնարկի «WebԾիրան» կինոփառատոնը

Երեւան: Մեդիամաքս: ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը եւ Webtv.am ինտերնետ հեռուստատեսությունն այսօր հայտարարել են նոյեմբերի15-ից մինչեւ դեկտեմբերի 25-ը «WebԾիրան» համահայկական կինոփառատոնի անցկացման մասին:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Webtv.am-ի տնօրեն Արայիկ Մանուկյանն այսօր ասել է, որ «WebԾիրան» կինոփառատոնին կարող են մասնակցել Հայաստանում եւ արտերկրում ապրող բոլոր հայ ռեժիսորները` ներկայացնելով 2-20 րոպե տեւողությամբ ֆիլմեր` առանց ժանրային սահմանափակումների:

Նրա խոսքով, յուրաքանչյուր ֆիլմ Webtv.am ինտերնետ հեռուստատեսությամբ ցուցադրվելու է 5 օր անընդմեջ, եւ այդ ընթացքում տեղի է ունենալու ինտերնետ քվեարկություն Webtv.am կայքում եւ Facebook սոցիալական ցանցում:

«Կինոփառատոնին ներկայացված ֆիլմերը կարող են նկարահանված լինել ցանկացած տեխնիկական միջոցով: Ֆիլմերն ընդունվելու են մինչեւ նոյեմբերի 15-ը, իսկ արդյունքները հրապարակվելու են դեկտեմբերի 25-ին` մրցանակաբաշխության արարողության ժամանակ: Սահմանված է 2 մրցանակ` «WebԾիրան»-ի գլխավոր մրցանակ` $1000 եւ խրախուսական մրցանակ` $500»,- տեղեկացրել է Արայիկ Մանուկյանը:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանն էլ ասել է, web-փառատոնը լավ գաղափար է, քանի որ «մեծ է այն մարդկանց թիվը, ովքեր չեն հաճախում կինոթատրոններ եւ այլ կերպ են ծանոթանում կինոաշխարհին»:
 
ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն էլ ասել է, որ համացանցի հնարավորությունները կարելի է արդյունավետ օգտագործել: «Այս web-լուծումը երեւան գալու հնարավորություն է տալիս կինոաշխարհում աշխույժ եւ տաղանդավոր մարդկանց, ովքեր հնարավորություն չունեն ներկայանալու այլ կինոփառատոններում»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը:

«WebԾիրան» համահայկական կինոփառատոնի գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: