ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը
12:43 | 24.10.11 | Նորություններ | 3577
Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 25-27-ը Ժնեւում (Շվեյցարիա) տեղի կունենա Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) կողմից կազմակերպված «Համաշխարհային հեռահաղորդակցություն 2011» (ITU Telecom World 2011) միջոցառումը, որին կմասնակցի նաեւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը:
Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունում, միջոցառման շրջանակներում Մանուկ Վարդանյանը հանդիպումներ կունենա ITU գլխավոր քարտուղար Համադուն Տուրեի եւ ITU զարգացման բյուրոյի տնօրեն Բրահիմ Սանույի:
«Համաշխարհային հեռահաղորդակցություն 2011» շրջանակներում կլինեն քննարկումներ համացանցի ապագայի, տվյալների ազատ եւ անվտանգ փոխանցման, շարժական լայնաշերտ կապի ապահովման, նոր տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ: Անդրադարձ կլինի նաեւ հաջողված հանրային եւ մասնավոր սեկտորի համագործակցության մոդելների ուսումնասիրությանը:
Կկազմակերպվի նաեւ հաղորդակցական տեխնոլոգիաների եւ դրանց կիրառման թեմայով տեխնիկական ցուցահանդես, որի ընթացքում առանձին տաղավարներում կցուցադրվեն մի շարք ընկերությունների թվային եւ հաղորդակցական տեխնոլոգիաներ ու գործիքներ: