Wikimedia Germany-ի նախագահ Սեբաստիան Մոլեսկին
Երեւանում կայացավ Wikimedia Germany-ի նախագահ Սեբաստիան Մոլեսկիի վարպետության դասը
Երեւանում կայացավ Wikimedia Germany-ի նախագահ Սեբաստիան Մոլեսկիի վարպետության դասը
14:24 | 17.10.11 | Նորություններ | exclusive 3503
Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 16-ին Երեւանում կայացավ Wikimedia Germany-ի նախագահ Սեբաստիան Մոլեսկիի վարպետության դասը Yerevan Web Meetings 2011 նախագծի շրջանակներում, որն իրագործում է Մեդիամաքսը՝ Վիվասել-ՄՏՍ-ի գլխավոր հովանավորությամբ:
Վարպետության դասի ընթացքում նա ներկայացրեց Wiki գաղափարախոսության եւ Վիքիփեդիայի կամավորների ընկերակցության աշխատանքի հիմնական սկզբունքները, հանրագիտարանի ստեղծման եւ զարգացման պատմությունը:
Ինքնակազմակերպվող հանրագիտարանը, որը կարող են խմբագրել բոլոր ցանկացողները, ի սկզբանե 2001թ-ին միայն անգլերեն լեզվով էր: Գոյության առաջին տարում հանրագիտարանում մուտքագրվել է 24 000 հոդված, իսկ ներկայումս անգլիալեզու Վիքիփեդիայի հոդվածների թիվը կազմում է շուրջ 3,7 մլն:
Գերմաներեն Վիքիփեդիան նույնպես ստեղծվել է 2001թ-ին եւ գոյության առաջին տարում հարստացել է 3000 հոդվածով, իսկ այժմ այն համալրված է 1,3 մլն նյութերով եւ դրանց քանակով զիջում է միայն անգլերեն Վիքիփեդիային:
Համեմատության համար նշենք, որ հայերեն Վիքիպեդիայում հոդվածների ընդհանուր թիվն ընդամենը 15 000 է, իսկ 1 մլն հայալեզու օգտագործողներին բաժին է ընկնում հանրագիտարանի 8 խմբագիր, մինչդեռ, օրինակ, հանրագիտարանի անգլերեն տարբերակում այդ թիվը 3 անգամ մեծ է:
Սեբաստիան Մոլեսկին ասաց, որ ընդհանուր առմամբ հանրագիտարանն այժմ գործում է 280-ից ավել լեզուներով, համալրված է ավելի քան 19 միլիոն հոդվածներով եւ հաճախումների քանակությամբ 6-րդ վեբկայքն է աշխարհում:
Ըստ Սեբաստիան Մոլեսկիի, հանրագիտարանն այժմ կանգնած է մարտահրավերների առջեւ, որոնցից հիմնականներն են հանրագիտարանի խմբագիրների թվի շարունակական անկումը, խմբագիրների ընդհանուր թվում սեռական անհամամասնությունը (նրանց շուրջ 90%-ը տղամարդիկ են) եւ «ֆեյսբուքիզացումը»:
Պարզաբանելով «ֆեյսբուքիզացման» էֆեկտը, Սեբաստիան Մոլեսկին ասել է, որ սոցցանցի ընդլայնմանը զուգընթաց մարդկանց մոտ փոխվում է վեբկայքերի հետ շփման մշակույթը: Կայքերի հետ փոխգործակցությունը դառնում է ավելի դյուրին, անմիջական, նյութի տարածումը՝ շատ ավելի հեշտ, մինչդեռ հանրագիտարանի հետ առնչվելու համար հարկավոր է տիրապետել վերջինիս կանոններին եւ սկզբունքներին:
Հանրագիտարանը համալրելու գործընթացները հեշտացնելու համար Վիքիմեդիայում աշխատում են նոր խմբագրական ծրագրային միջոցների մշակման վրա, որոնց թվում է նաեւ Ֆեյսբուքի միջոցով Վիքիփեդիայի հետ ինտերակտիվ շփվելու գործիքների ներդրումը:
Սեբաստիան Մոլեսկին պատմել է նաեւ, որ ռիսկերին դիմագրավելու համար Վիքիմեդիա հիմնադրամում մշակվում են ռազմավարական մի շարք քայլեր: Նախատեսվում են, մասնավորապես, ուսուցողական եւ ծրագրեր կամավորների համար, որոշակի խրախուսման մեխանիզմներ, որոնց թվում կլինեն մրցույթներ եւ այլ նախաձեռնություններ; հիմնադրամում խիստ կարեւորություն է տրվում նաեւ տարբեր երկրների կրթական հաստատությունների հետ համագործակցությանը, ինչը կբերի հանրագիտարանի որակական աճին:
Արդյունքում հիմնադրամն ակնկալում է դադարեցնել խմբագիրների արտահոսքը, ակտիվացնել կամավորներին «Գլոբալ Հարավում» եւ հասցնել նրանց մասնաբաժինը 27% (ներկայումս հանրագիտարանի բովանդակության գերակշիռ մասը գեներացվում է Ամերիկայում եւ Եվրոպայում):
Վիքիմեդիայի եւս մեկ հավակնոտ նպատակներից է մինչեւ 2015թ. հասցնել Վիքիփեդիայի որակյալ (վկայակոչման եւ մատենագիտական հարուստ ապարատով) հոդվածների մասնաբաժինը մինչեւ 25%, ինչը, ըստ Սեբաստիան Մոլեսկիի, նախատեսվում է ապահովել համալսարանների հետ համագործակցության, մրցույթների եւ այլ նախաձեռնությունների միջոցով: