09:46 | 05.10.11 | Նորություններ | 2589

Apple-ը ներկայացրել է նոր iPhone 4S-ը

Երեւան/Մեդիամաքս/. Apple ընկերությունը ներկայացրել է նոր iPhone 4S սմարթֆոնը, որը iPhone 4-ի արդիականացված տարբերակն է:

iPhone 4S-ը ներառում է А5 երկմիջուկային պրոցեսոր, որի հաշվիչ հզորությունը երկու անգամ գերազանցում է նախկին մոդելները, ընդ որում` գրաֆիկական տեղեկությունների մշակման արագությունը աճել է 7 անգամ, հաղորդում է РБК-ն:

Սարքը ունի 2 ալեհավաք, որոնք նոր սմարթֆոնին հնարավորություն են տալիս աշխատել ինչպես GSM, այնպես էլ CDMA ցանցերում: Սմարթֆոնը աշխատում է HSDPA+ տեխնոլոգիայով, որը հնարավորություն է տալիս տվյալները փոխանցել վայրկյանում մինչեւ 14,4 մեգաբիթ արագությամբ:

iPhone 4S-ը համալրված է 8 մեգապիքսելանոց տեսախցիկով, որը հնարավորություն է տալիս լուսանկարել 33%-ով ավելի արագ, ինչպես նաեւ վիդեո նկարել FullHD 1080p ձեւաչափով:

Նորույթը կարող է նաեւ ձայն ճանաչել: Մասնավորապես, շնորհանդեսին սմարթֆոնին հարց տրվեց. «Փարիզում ժամը քանի՞սն է»: iPhone-ը իր էկրանին ցույց տվեց Ֆրանսիայի ընթացիկ ժամը: Բացի այդ, ձայնի օգնությամբ հնարավոր է SMS հաղորդագրություններ գրել:

Սարքի արտաքին տեսքը մնացել է անփոփոխ եւ նման է iPhone 4-ին:

Apple-ը հաղորդում է, որ iPhone 4S-ը հոկտեմբերի 14-ից վաճառքի կհանվի ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում եւ Ճապոնիայում: Հոկտեմբերի 28-ից սարքը կվաճառվի եւս 22 երկրներում:

Սարքի գինը կախված կլինի ներկառուցված հիշողության ծավալից: Այսպես, ԱՄՆ-ում 16Գբ, 32Գբ եւ 64Գբ հզորությամբ սմարթֆոնի գինը օպերատորի հետ երկամյա պայմանագրով կկազմի համապատասխանաբար $ 199, 299 եւ 399:

Ի տարբերություն նախկին մոդելների, նոր սմարթֆոնի շնորհանդեսը անցկացրել է ոչ թե ընկերության հանրահռչակ Սթիվ Ջոբսը, այլ Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Կուկը: