ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը
11:34 | 03.10.11 | Նորություններ | 766
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ասել է, որ մինչեւ տարեվերջ կբացվեն 12 վերազինված եւ բարեկարգված տարածաշրջանային քոլեջները:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօրվա մամուլի ասուլիսում Արմեն Աշոտյանն ասել է, որ 2009-ից Եվրոպական Միության հետ համատեղ մեկնարկել է Մասնագիտական կրթության եւ ուսուցման աջակցության ծրագիրը, որի շրջանակներում վերանորոգվել եւ նյութատեխնիկական բազայով են ապահովվել 12 նախնական եւ միջին մասնագիտական քոլեջներ:
“Քոլեջներում դասավանդելու են վերապատրաստված մանկավարժական կադրեր, ներդրվելու են 20 առարկայական նոր չափորոշիչներ, որոնք հարմարեցված են կոնկրետ տարածաշրջանի տնտեսական կարիքներին”, - ընդգծել է նախարարը:
Նրա խոսքերով, մասնագիտական կրթության հետագա զարգացումը խթանելու նպատակով հաջորդ տարի նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում պետպատվերը ավելանալու է 50%-ով:
Եվրամիության Պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերն էլ ասել է, որ մասնագիտական ուսուցման եւ կրթության ծրագիրը մեծ ձեռքբերում է, քանի որ “այն կարեւոր տարր է մարզերի տնտեսական զարգացման համար”:
«Շարունակական մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտի բարեփոխումներ եւ զբաղվածության ռազմավարության մշակում» ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 15 միլիոն եվրո, որից 1 միլիոնը նախատեսված է տեխնիկական աջակցության բաղադրիչի համար: