15:01 | 26.09.11 | Նորություններ | 3114

Ավարտվել է \"Orange գրքի մրցանակ 2011\"-ի հայտերի ընդունումը

Երեւան/Մեդիամաքս/.Ավարտվել է հուլիսի 11-ին մեկնարկած \"Orange գրքի մրցանակ 2011\" գրքի մրցույթի մասնակցության հայտերի ընդունումը:

Կազմակերպիչներն ընդունել են ընդհանուր թվով 130 ստեղծագործություն, որոնցից 79 պատմվածքներ ու էսսեներ են, 16-ը` հեքիաթներ, 24-ը` դրամատիկական գործեր եւ 11-ը` վեպեր:

Այժմ սկսվում է ժյուրիի անդամների ընթերցանության շրջանը, որի ավարտին յուրաքանչյուր անվանակարգում կընտրվեն առավելագույնը լավագույն չորս գործերը, որոնք էլ հոկտեմբերի 7-ին` «Դարձ առ գիրք» գրքարվեստի փառատոնի ժամանակ կհանձնվեն ընթերցասերների դատին: Հաղթողները կընտրվեն ընթերցողների առցանց քվեարկությամբ:

Մրցույթին մասնակցում են նրանք, ովքեր ստեղծագործում են հայերենով, ներկայացրել են նախկինում չհրատարակված գրական երկ եւ մշտապես բնակվում են Հայաստանում:

Յուրաքանչյուր ժանրում հաղթող ճանաչված ստեղծագործությունը կհրատարակվի առանձին գրքով, 500 տպաքանակով: Մրցույթի հաղթողները կհայտարարվեն նոյեմբերի 11-ին կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ:

Մրցույթի նպատակն է բացահայտել ժամանակակից հայ գրողներին, օրեցօր զարգացող էլեկտրոնային մեդիայի միջոցով տարածել նրանց ստեղծագործությունները ընթերցողների առավել լայն զանգվածներին, ինչպես նաեւ խթանել հետաքրքրությունը ընթերցանության նկատմամբ:

Այս նախաձեռնությամբ Orange-ը նաեւ պատրաստվում է Երեւանի հետ միասին նշել գրքի եւ ընթերցանության տոնը` ընդառաջ գնալով 2012թ., երբ Երեւանը կդառնա գրքի համաշխարհային մայրաքաղաքը: Orange գրքի մրցանակը կազմակերպվում եւ իրականացվում է «Հայ գրքի կենտրոն» հասարակական կազմակերպության հետ միասին: