Երեւան: Մեդիամաքս: Հնդկաստանի Հաշվողական առաջատար մշակումների կենտրոնը (C-DAC) Հայաստանի Տավուշի մարզում կհիմնի համակարգչային լաբորատորիաներ դպրոցականների համար:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, վկայակոչելով The Times of India-ն, համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է C-DAC-ի եւ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության միջեւ:
Համաձայնագրով նախատեսվում է բացել 72 լաբորատորիա, որոնցից 19-ը կգործեն Տավուշի քաղաքային, իսկ 53-ը՝ գյուղական համայնքների դպրոցներում, որտեղ ընդհանուր առմամբ սովորում է ավելի քան 15 հազ. աշակերտ:
Լաբորատորիաների բացման գործում C-DAC-ի հայաստանյան գործընկերն է «Հայաստան» համահայկական հիմնադրամը: C-DAC-ը կհատկացնի դպրոցներին անհրաժեշտ սարքավորումները եւ կիրականացնի դրանց երաշխիքային սպասարկումը: Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է $5,6 մլն:
C-DAC գլխավոր տնօրեն Ռաջաթ Մունան (Rajat Moona) նշել է, որ C-DAC-ն արդեն քայլեր է արել Երեւանում ՏՀՏ ոլորտում հայ-հնդկական ուսումնական կենտրոնի հիմնադրման ուղղությամբ: Ակնկալվում է, որ ուսումնական կենտրոնը
կսկսի գործել այս աշնանը ԵՊՀ տարածքում: Այնտեղ տեղադրվելու է հնդկական Param սուպերհամակարգիչը: