18:15 | 22.09.11 | Նորություններ | 1938

Գործարկվել է Givemeinfo.am կայքը

Երեւան: Մեդիամաքս: Այսօր Երեւանում ներկայացված www.givemeinfo.am կայքը նպատակ ունի ցույց տալ իրադարձությունների իրական վիճակը պետական կառույցներից տեղեկատվություն ստանալու հարցում:  

Այս մասին այսօր Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում ասել է տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, ով նաեւ կայքի հիմնադիրներից է:  

«Հայաստանը կառավարության աշխատանքի թափանցելիությունն ապահովող` օրենսդրության տեսանկյունից ամենաառաջադեմ երկրներից է: Տեղեկատվության ազատության մասին օրենքը թույլ է տալիս քաղաքացիներին կարճ ժամանակահատվածում պետական կառույցներից այլ օրենքների կողմից չսահմանափակված գրեթե ցանկացած տեղեկատվություն ստանալ: Խնդիրն իրական կատարման մեջ է: Ընդ որում` շատ բան կախված է տվյալ կառույցից` պետական մի շարք հաստատություններ քիչ թե շատ բաց են աշխատում, իսկ մյուսները տեղեկատվության իրական թշնամիներ են հանդիսանում: Կայքը ցույց է տալիս, թե որ հաստատություններն են ավելի հաճախ մերժում մարդկանց եւ ինչ պատճառաբանությամբ»,- նշել է փորձագետը:   

Նա հայտնել է, որ կայքի բովանդակությունը «Տեղեկատվության ազատության կենտրոնի» երկար տարիների աշխատանքի արդյունք է: