12:44 | 16.09.11 | Նորություններ | 4120

«Բեւեռ»-ը եւ IBM-ը կազմակերպում են սեմինար ֆինանսական եւ հեռահաղորդակցության շուկաների ներկայացուցիչների համար

Երեւան/Մեդիամաքս/. Սեպտեմբերի 29-30 Երեւանում կկայանա երկօրյա տեխնոլոգիական սեմինար ֆինանսական եւ հեռահաղորդակցության շուկաների ներկայացուցիչների համար, որը կազմակերպում է «Բեւեռ» հայաստանյան ՏՏ-ընկերությունը IBM մասնագետների հետ համատեղ:

Ինչպես Մեդիամաքս-ի հետ զրույցում հայտնել է «Բեւեռ» ընկերության տնօրեն Բորիս Աղաջանյանը, առաջին օրը սեմինարը կանցկացվի  «ՏՏ Ենթակառուցվածքի կառավարում: Տեղեկատվական անվտանգություն» թեմայով, որի ընթացքում կքննարկվեն ՏՏ ենթակառուցվածքների գրագետ եւ արդյունավետ կառավարման եւ  IBM®Tivoli ընտանիքի արտադրանքների հարթակի վրա տեղեկատվական անվտանգության ապահովման խնդիրները:

Սեմինարի երկրորդ օրը կներկայացվի «Բիզնես վերլուծություն: Ընկերության արդյունավետության կառավարում» թեման, որը նվիրված կլինի  բիզնես- վերլուծության, կազմակերպության արդյունավետության եւ ռիսկերի կառավարման, եւ ֆինանսական հաշվետվության վերաբերյալ լուծումներին` Cognos ընտանիքի ապրանքների հարթակների վրա:

«Տեղեկատվական համակարգերի խոցելիությունը նկատելի է հատկապես ֆինանսական եւ հեռահաղորդակցության ոլորտներում, քանի որ մի կողմից մենք գործ ունենք բարդ տեղեկատվական միջավայրի հետ, որտեղ պահվում եւ մշակվում են մեծ ծավալով տվյալներ (տասնյակ եւ ավելի տարիների օրինակ` հիփոթեքային վարկավորում եւ այլն), մյուս կողմից` փորձագետների գնահատմամբ, Հայաստանում  տեղեկատվական համակարգի հենց այս ոլորտներն են չափազանց խոցելի եւ անպաշտպան», - ընդգծել է Բորիս Աղաջանյանը:

Սեմինարը կազմակերպվում է կազմակերպությունների ղեկավարների, տեղեկատվական անվտանգության մասնագետների, ՏՏ-մենեջերների, ֆինանսական տնօրենների եւ կորպորատիվ արդյունավետության կառավարման մենեջերների համար:

Սեմինարին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել եւ marketing@bever.am հասցեին ուղարկել մասնակցի տվյալները (անուն, ազգանուն, կազմակերպության անվանում, պաշտոն, հեռախոսահամար, էլ-փոստ): Հայտը ներկայացնելու վերջնաժամկետը սեպտեմբերի 23-ն է: