14:31 | 02.09.11 | Նորություններ | 3516

Orange-ի աջակցությամբ ֆրանսերեն թեքումով դպրոցում բացվեց համակարգչային դասարան

Երեւան: Մեդիամաքս:Այսօր Երեւանի թիվ 186 ֆրանսերեն թեքումով դպրոցում Orange-ի աջակցությամբ բացվեց գերարագ ինտերնետով ապահովված համակարգչային դասարան:

Դասարանն ունի 10 համակարգիչ, տպիչ, պրոյեկտոր ու այլ տեխնիկա եւ զինված է Orange-ի Ֆլայբոքս երթուղիչով, որը կապահովի գերարագ մուտք դեպի համացանց:
    
640 աշակերտ ունեցող այս դպրոցի բոլոր դասարանների աշակերտները` սկսած երկրորդ դասարանից, կունենան դասաժամեր համակարգչային տեխնիկայով եւ աքսեսուարներով զինված դասասենյակում:

«Ժամանակակից տեխնոլոգիաները զարգանում են անհավատալի արագությամբ, եւ մենք ցանկանում ենք, որ կրթության ոլորտը, մասնավորապես դպրոցները, անմասն չմնան այն հնարավորություններից, որ ընձեռում են տեղեկատվական տեխնոլոգիաները: Մեր ընկերության հիմնական բիզնես գործունեության մի կարեւոր ոլորտն ինտերնետն է, եւ մենք գիտակցում ենք այս պատասխանատվությունը, որ կրում ենք տեղեկատվական հասարակության կառուցման գործում: Սա նաեւ մեր փոքրիկ ներդրումն է հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության պահպանմանն ու ուժեղացմանը», - ասել է Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Orange-ը խրախուսում է իր աշխատակիցների անմիջական մասնակցությունն ընկերության հասարակական ծրագրերում: Այս փիլիսոփայությամբ էլ Orange-ի աշխատակիցներն անձամբ կներգրավվեն համակարգչային դասարանի աշխատանքներին. յուրաքանչյուր ամիս մեկ անգամ Orange-ի` բարձր որակավորում ունեցող մասնագետները հատուկ համակարգչային վերապատրաստման դասընթացներ կանցկացնեն բոլոր ցանկացող աշակերտների համար:

Նախագծի համար Orange-ն ընդհանուր առմամբ տրամադրել է 4,670,000 դրամ: