15:16 | 01.09.11 | Նորություններ | 1264

Մատենադարանի նորակառույց մասնաշենքի գլխավոր ընթերցասրահում կտեղադրվի էլեկտրոնային “պատ”

Երեւան: Մեդիամաքս: Մատենադարանի նորակառույց գիտական մասնաշենքի գլխավոր ընթերցասրահում կտեղադրվի էլեկտրոնային “պատ”։

Այսօրվա նիստում ՀՀ կառավարությունը Մատենադարանի նորակառույց գիտական մասնաշենքի գլխավոր ընթերցասրահի համար վեց մեծադիր վահանակների և էլեկտրոնային պատի ձեռքբերման նպատակով հատկացրել է 4,5 մլն դրամ։

Նշված սարքավորումներով հնարավոր կլինի այցելուին ցուցադրել նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ ստեղծված գիրք-ալբոմը և հայ միջնադարյան մանրանկարչության գլուխգործոցները։

Մատենադարանի նոր մասնաշենքի հանդիսավոր բացումը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին` Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-ամյակի օրը:

Ինչպես ավելի վաղ Մեդիամաքս-ին հայտնել էր Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը, նոր մասնաշենք են տեղափոխվելու բոլոր ֆոնդերը. այնտեղ կառուցված պահոցները համապատասխանում են միջազգային բոլոր բարձրագույն չափանիշներին:

«Ներդրված են ինժեներական եւ օդափոխության նորագույն տեխնոլոգիաներ: Բացի պահպանման համակարգերից` պահոցներից,  որոնք զբաղեցնում են հարկաբաժիններ, այնտեղ են տեղակայվելու վերականգնման բաժինները, լաբորատորիաները, մեծ եւ փոքր դահլիճները, ընթերցասրահները, գիտական աշխատասենյակները: Հայագետների համար ստեղծվել են աշխատելու հազվագյուտ պայմաններ: Բացի հայագիտությանը զարկ տալուց, սա նպաստելու է նաեւ Մատենադարանի թանգարանային հնարավորությունների բազմապատկմանը»,- ասել էր Հրաչյա Թամրազյանը:

Վերակերտման երկրորդ փուլում նախատեսվում է աշխատանքներ իրականացնել Մատենադարանի հիմնական շենքում` փոխկապակցված ինը ցուցասրահների ստեղծման ուղղությամբ:

«Քանի որ գրադարանային համալիրը, ֆոնդերը տեղափոխվելու են նոր մասնաշենք, անհրաժեշտ է այս տարածքները օպտիմալ օգտագործել ցուցադրությունների համար: Պետք է կառուցվեն  9-10 ցուցասրահներ, որոնցում կներկայացվեն ոչ միայն հայկական, այլ նաեւ օտարալեզու ձեռագրերը, արխիվային ֆոնդի հազվագյուտ նմուշները, հնատիպ գրքերը: Կունենանք վիրտուալ Մատենադարանի սրահ, որտեղ ցուցադրությունները կներկայացվեն ֆիլմաշարերով: Մի փոքր սրահ էլ նախատեսում ենք ձեռագրերի ստեղծման արվեստին նվիրված ցուցադրության համար, որտեղ կներկայացվի ձեռագրերի, մագաղաթների ստեղծման պատմությունը»,- Մեդիամաքս-ին ասել էր Մատենադարանի տնօրենը:

Նոր մասնաշենքը, որն իր ներքին տարածքներով չորս անգամ գերազանցում է հիմնական շենքին, նախագծել է տաղանդավոր ճարտարապետ, հանրությանն առավելապես որպես երգահան-երաժիշտ հայտնի Արթուր Մեսչյանը։

Շինարարությունն իրականացվել է ռուսաստանաբնակ բարերար Սերգեյ Համբարձումյանի միջոցներով, ով “ՄոնԱրխ”  շինարարական կոնցեռնի տնօրենների խորհրդի նախագահն է: Նրա կողմից ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է $10 մլն:

Ներդրումներ են կատարել նաեւ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, «Փյունիկ» համահայկական բարեգործական հիմնադրամի պատվո նախագահ Գաբրիել Չեմպերճյանը։