14:10 | 29.08.11 | Նորություններ | 2060

Apple-ը չի պատրաստվում փոխվել

Երեւան/Մեդիամաքս/. Սթիվ Ջոբսի հեռանալուց հետո Apple-ի գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնած Թիմ Կուկը շտապել է էլեկտրոնային նամակով իր աշխատակիցներին հավաստիացնել, որ ընկերությունը չի պատրաստվում փոխվել:

Ինչպես հաղորդում է 3dnews.ru-ն, Թիմ Կուկը նշել է, որ Apple-ում աշխատելը «իր կյանքի արտոնությունն է»:

Ահա նամակի ամբողջական բովանդակությունը:

«Apple-ի թիմին`

Ես աշխատանքի հիանալի հնարավորություն եմ ակնկալում աշխարհի ամենանորարար ընկերության գործադիր տնօրենի պաշտոնում: Միանալով Apple-ին` ես կայացրել եմ իմ կյանքի ամենալավ որոշումներից մեկը, իսկ 13 տարիների աշխատանքը Apple-ում Սթիվ Ջոբսի կողքին դարձավ կյանքիս արտոնությունը: Ես կիսում եմ Սթիվի լավատեսությունը` Apple-ի լուսավոր ապագայի վերաբերյալ:

Սթիվը անհավատալի առաջնորդ եւ ուսուցիչ էր ինչպես իմ, այնպես էլ ղեկավարության ողջ թիմի եւ մեր հիանալի աշխատակիցների համար: Մենք իսկապես ակնկալում ենք Սթիվի մշտական ղեկավարումն ու ոգեշնչումը մեր տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում:

Ես կցանկանայի, որպեսզի բոլորդ վստահ լինեք, որ Apple-ը չի փոխվելու: Ես գնահատում եւ գովաբանում եմ Apple-ի եզակի արժեքները եւ սկզբունքները: Սթիվը հիմնել է ընկերություն եւ մշակույթ, որը նման չէ այս աշխարհում ոչ մի բանի, եւ մենք հավատարիմ կմնանք դրան` դա մեր  ԴՆԹ-ն է: Մենք կշարունակենք ստեղծել աշխարհի լավագույն ապրանքները, որոնք հիացմունք  կառաջացնեն մեր սպառողների մոտ, եւ հպարտություն կներշնչենք մեր աշխատակիցներին իրենց կատարած աշխատանքի համար:

Ես սիրում եմ Apple-ը եւ ուզում եմ սուզվել նոր պարտականությունների մեջ: Տնօրենների խորհրդի, ղեկավարների թիմի եւ ձեզանից շատերի աջակցությունն ոգեշնչող է: Վստահ եմ, որ առջեւում մեզ սպասում են լավ տարիներ, եւ միասին մենք կշարունակենք կախարդական վայր դարձնել Apple-ը, ինչպիսին որ այն կա:

Թիմ»: