09:28 | 25.08.11 | Նորություններ | 2009

Սթիվ Ջոբսը հեռացել է Apple-ի գլխավոր տնօրենի պաշտոնից

Երեւան/Մեդիամաքս/. Apple ընկերության ղեկավար Սթիվ Ջոբսը հրաժարական է տվել իր պաշտոնից:

Ինչպես նշել է ընկերության տնօրենների խորհուրդը, խնդրագիրը ընդունված է եւ «անմիջապես ուժի մեջ կմտնի»: 56-ամյա Ջոբսին կփոխարինի ընկերության օպերացիոն տնօրեն Թիմ Կուկը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Ես բազմիցս հայտարարել եմ, որ դուք առաջինը կիմանաք այն մասին, որ եկել է հեռանալու ժամանակն է եւ ես այլեւս ի զորու չեմ կատարել  Apple-ի գործադիր մարմնի ղեկավարի պարտավորությունները: Ցավոք, այդ օրը եկել է», - գրել է Ջոբսը տնօրենների խորհրդին ուղղված նամակում:

Նա հայտարարել է նաեւ, որ պատրաստ է շարունակել աշխատել ընկերությունում, որին նվիրել է իր կյանքի երկար տարիները:

«Եթե տնօրենների խորհուրդը հարմար տեսնի, ես կցանկանայի աշխատել ընկերության խորհրդի նախագահի պաշտոնում», - գրել է Ջոբսը:

Ջոբսը համոզմունք է հայտնել, որ «նորարարությունների առումով» Apple-ի ամենալուսավոր տարիները դեռ առջեւում են: «Հույս ունեմ դրա վկան լինել եւ նոր պաշտոնում նպաստել ապագա հաջողություններին», - նշել է նա:

Հունվարի 17-ից Սթիվ Ջոբսը գտնվում է արձակուրդի մեջ` առողջական խնդիրների պատճառով:

Ինչպես նշում են փորձագետները, Apple-ի հայտարարությունը եզրափակում է Ջոբսի ղեկավարած 14 տարիների շրջանը, որը դարձավ նոր տեխնոլոգիաների զարգացման եւ աննախադեպ ձեռնարկատիրական հաջողությունների խորհրդանիշը:


Երիտասարդ Սթիվ Ջոբսը պատրաստվում է իր կյանքի առաջին հեռուստատեսային հարցազրույցին եւ ապշում է` ինքն իրեն տեսնելով մոնիտորում:




2005 թվականին Սթիվ Ջոբսը հանդես է գալիս Սթենֆորդի շրջանավարտների առջեւ: Նա խոսում է 1985 թվականին Apple-ից իր հեռանալու, կյանքի եւ մահվան մասին: