16:42 | 17.08.11 | Նորություններ | 2609

«Яндекс»-ի որոնման նոր համակարգը գուշակում է, թե օգտագործողն ինչ լեզվով է ցանկանում հարցի պատասխանը ստանալ

Երեւան/Մեդիամաքս/.«Яндекс»-ը նոր որոնման պլատֆորմ է գործարկել, որը «Ռեյկյավիկ» անվանումն է ստացել:  


Ինչպես հաղորդում է Cnews-ը, այն հաշվի է առնում օգտագործողի լեզվի նախապատվությունը: «Այժմ անգլիալեզու ռեսուրսներ ավելի հաճախ փնտրող մարդիկ որոնման արդյունքում ավելի շատ նման հղումներ կտեսնեն եւ հակառակը»:

«Яндекс»-ում դա անվանում են որոնման անհատականացմանն ուղղված առաջին քայլը: «Ըստ «Яндекс»-ի վիճակագրության, օգտագործողների մեծամասնությունը գերադասում է պատասխանները ստանալ իրենց մայրենի լեզվով: Սակայն կան նաեւ նրանք, ովքեր փնտրում են պատասխանները կոնկրետ հայերեն լեզվով, - ասում է որոնման որակի մշակման բաժանմունքի ղեկավար Դենիս Ռասկովալովը, - մենք շատ փորձարկումներ ենք անցկացրել` փորձելով գտնել երկուսի պահանջները բավարարելու լավագույն տարբերակը: Արդյունքում մենք որոշել ենք սովորեցնել որոնման համակարգին հաշվի առնել օգտագործողների լեզուների նախապատվությունները եւ հարմարվել դրանց»:

Այսօրվա դրությամբ անգլերեն լեզվով պատասխանները գերադասում են «Яндекс»-ի օգտագործողների գրեթե 8%, վստահեցնում են ինտերնետ-ընկերությունից:

comScore-ի տվյալներով, 2011 թվականի հունիսի դրությամբ «Яндекс»-ը համաշխարհային որոնման համակարգերի թոփ-տասնյակում 6-րդ տեղն է զբաղեցնում:  2011 թվականի ապրիլին comScore-ը հայտնել է, որ Ռուսաստանում  «Яндекс»-ի օգնությամբ մեկ ամսվա ընթացքում 2,5 մլրդ որոնման հարցում է կատարվել, ընդ որում մնացած երկրներում նույն ժամանակահատվածում որոնման համակարգին  300 մլն դիմում է եղել: