12:45 | 16.08.11 | Նորություններ | 4296

Ստեփանակերտի եւ Շուշիի դպրոցների տարրական դասարանների բոլոր աշակերտները համակարգիչներ կստանան

Երեւան/Մեդիամաքս/.Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամը հայտարարել է Արցախում «Նոր ուսումնական ռազմավարություն» (ՆՈՒՌ) ծրագրի մեկնարկի մասին, որի շրջանակներում Ստեփանակերտի եւ Շուշիի դպրոցների տարրական դասարանների աշակերտների կստանան մեկական համակարգիչ:


Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Անա Քրիստինա Շիրինյանը այսօր Երեւանում ասել է, որ ընթացիկ տարվա սեպտեմբերին Ստեփանակերտ եւ Շուշի քաղաքների դպրոցների 1-ից 4-րդ դասարանների 3600 աշակերտ եւ 160 ուսուցիչ կստանան հատուկ կրթական նպատակներով մշակված XO դյուրակիր համակարգիչներ, իսկ դպրոցները կապահովվեն ինտերնետով: Ուսուցիչները կանցնեն վերապատրաստման կուրսեր՝ աշակերտներին XO-ի կրթական ծրագիրն ուսուցանելու համար:

«Սա ծրագրի առաջին փուլն է, որից հետո նախատեսվում է ԼՂՀ կառավարության հետ համատեղ ինտերնետ-կապ ապահովել Արցախի բոլոր դպրոցներում եւ համակարգիչներ տրամադրել հանրապետության դպրոցների տարրական դասարանների բոլոր աշակերտներին»,- ասել է Անա Քրիստինա Շիրինյանը:

Նրա խոսքերով, «ՆՈՒՌ» ծրագիրը կոչված է փոխելու Արցախի կրթական համակարգը՝ համապատասխանեցնելով այն ժամանակակից պահանջներին: