12:21 | 16.08.11 | Նորություններ | 2234

Google-ը ձեռք է բերում Motorola Mobility-ն

Երեւան/Մեդիամաքս/.Ինտերնետ-հսկա Google-ը հայտարարել է բջջային հեռախոսներ արտադրող ամերիկյան Motorola Mobility ընկերությունը գնելու գործարքի մասին:


Գործարքը, որը կարժենա $12 մլրդ, նախատեսվում է ավարտին հասցնել մինչեւ 2012թ. սկիզբը, հաղորդում է BBC-ն:

Ընկերությունների համատեղ հայտարարությունում նշվում է, որ Mobility-ն կշարունակի գործել որպես առանձին բիզնես: Գործարքը դեռեւս պետք է հավանության արժանանա բաժնետերերի եւ կարգավորող մարմինների կողմից:

Ժամանակին Motorola-ն աշխարհի ամենահաջողակ բջջային հեռախոսներ արտադրողներից էր, սակայն վերջին տարիներին զիջել է դիրքերը Apple-ի, Samsung-ի եւ HTC-ի պես ընկերություններին:

Motorola-ի բազմաթիվ շարժական սարքեր գործում են Google-ի Android օպերացիոն համակարգի հիման վրա: