12:05 | 15.08.11 | Նորություններ | 1579

ՀՀ նախագահը մասնակցել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացման արարողությանը

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 14-ին մասնակցել է մայրաքաղաքի Աջափնյակ համայնքում գտնվող Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, հանրապետության ղեկավարը շրջել է նորաստեղծ կենտրոնում, ծանոթացել ստեղծված պայմաններին:

Իր ողջույնի խոսքում Սերժ Սարգսյանը նշել է, որ ստեղծարար տեխնոլոգիաների այսպիսի կենտրոնի բացումը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն: Հանրապետության ղեկավարի խոսքով, հայ երիտասարդների մտավոր ունակությունների բացահայտումը եւ դրա հետեւանքով մրցունակության բարձրացումը մեր երկրի կարեւորագույն խնդիրներից է:

Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը բնական քիչ պաշարներ ունի եւ պետք է նախ՝ շատ զգուշորեն եւ խնայողաբար վերաբերվել այդ պաշարներին եւ երկրորդ՝ կարողանալ մտավոր ծառայություններ մատուցել եւ մեր հասարակությանը, եւ տարածաշրջանին, եւ աշխարհին, ինչն անհնար է առանց այսպիսի կենտրոնների գործունեության: Հանրապետության ղեկավարը նշել է, որ ոգեւորված է կենտրոնի բացմամբ եւ վստահություն է հայտնել, որ ծրագիրն ունենալու է շատ կոնկրետ արդյունքներ եւ նշանակություն Հայաստանի համար:
ՄԵԴԻԱՄԱՔՍ