14:15 | 09.08.11 | Նորություններ | 6768

Orange Armenia-ն մեկուկես անգամ ընդլայնել է ռոումինգ-գործընկերների ցանկը

Երեւան/Մեդիամաքս/.Orange-ը մեկուկես անգամ ընդլայնել է ռոումինգ-գործընկերների ցանկը՝ ձայնային ծառայությունների լիարժեք փաթեթը հասանելի դարձնելով իր կանխավճարային եւ հետվճարային բաժանորդներին ավելի քան 150 երկրներում:


Ինչպես այսօր Երեւանում ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան, ռոումինգի ցանկում ընդգրկված են հայաստանցիների նախընտրած «արձակուրդային» բոլոր ուղղությունները:

Ընկերությունն ընդլայնել է նաեւ իր 3G եւ GPRS ռոումինգները (3G-ն` ավելի քան 80, իսկ GPRS-ը՝ ավելի քան 110 երկրներում):

Ընկերության մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը տեղեկացրել է, որ ռոումինգի ակտիվացման համար չի պահանջվում դեպոզիտ վճարել: «Ծառայության ակտիվացման համար բավական է միայն Հայաստանից մեկնելուց առաջ հավաքել *121#», - ասել է Արամ Մկրտչյանը, հավելելով, որ Վրաստանի պարագայում հատուկ հրահանգ հավաքելու կարիք չկա, եւ ռոումինգն ակտիվանում է ավտոմատ կերպով:

Արամ Մկրտչյանը հիշեցրել է, որ մինչեւ սեպտեմբերի 15-ը Orange-ն առաջարկում է իր բաժանորդներին Վրաստանում զանգեր ընդունել 40 դրամ/րոպե սակագնով (դեպի Հայաստան ելքային զանգերի արժեքը՝ 860 դրամ/րոպե, տեղական ելքային զանգերը՝ 290 դրամ/րոպե, sms-հաղորդագրությունը՝ 85 դրամ), ինչպես նաեւ 55 դրամ/րոպե սակագնով մուտքային զանգեր Թուրքիայում եւ Orange գոտու երկրներում (Ֆրանսիա, Իսպանիա, Շվեյցարիա, Միացյալ թագավորություն, Լեհաստան, Ռումինիա, Մոլդովա, Սլովակիա, Ավստրիա, Լյուքսեմբուրգ, Բելգիա եւ այլն):

Օրանժ Արմենիայի ռոումինգի առաջարկները եւ սակագները ներկայացված են այստեղ: