11:38 | 03.08.11 | Նորություններ | 4200

PC-Electronics-ը հավաստագրում է իր տեսականին Microsoft-ում

Երեւան/Մեդիամաքս/. Համակարգչային տեխնիկայի րիթեյլեր PC-Electronics-ը (https://pc-electronics.am) Microsoft-ի հետ համաձայնագիր է ստորագրել, որի շրջանակներում վերջինս թեստավորում եւ հավաստագրում է ընկերության կողմից հավաքվող համակարգիչները:

Հավաստագրված համակարգիչները վաճառվում են Microsoft Windows PC բրենդի ներքո: 

Ինչպես Մեդիամաքսին հայտնել են PC-Electronics-ից, համակարգիչների թեստավորումը կատարվում է թեստավորման համար նախատեսված լաբորատորիայում 24 ժամվա ընթացքում, որի ընթացքում ստուգվում են բոլոր բաղադրիչները, հանգույցները միջազգային չափանիշներին համապատասխանելու տեսանկյունից, ինչի շնորհիվ սարքի եւ օպերացիոն համակարգի 100 %-անոց համատեղելիություն է ձեռք բերվում:

«Դրա շնորհիվ բացառվում են ծրագրային եւ ապարատային թերությունները եւ տեղեկատվության կորուստը, իսկ երաշխիքը տրամադրվում է ոչ միայն համակարգչի, այլ նաեւ ծրագրային ապահովման համար», - նշել են ընկերությունում` հայտնելով, որ համակարգիչները վաճառվում են Windows 7 լիցենզավորված ՕՀ-ով եւ Microsoft-ի կողմից տեղադրված հակավիրուսային համակարգով (թեստավորումը չանցած համակարգիչները վաճառվում են օպերացիոն համակարգի փորձնական տարբերակով (trial version):

Թեստավորում եւ հավաստագրում անցած համակարգիչը ավելի թանկ արժե, քան «սովորական» համակարգիչը: Գնային տարբերությունը 20 հազար դրամից է սկսում ($55)` կախված պարամետրերից եւ օպերացիոն համակարգից:  

Ներկայումս PC-Electronics-ն առաջարկում է Windows PC-ների 4 տարբերակ` 145-ից մինչեւ 294 հազար դրամ արժեքով: