16:21 | 26.07.11 | Նորություններ | 3304

ԱրմենՏել-ը շարունակում է հոսթինգային ծառայության անվճար տրամադրումը մինչեւ դեկտեմբերի 31-ը

Երեւան/Մեդիամաքս. ԱրմենՏել ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարել է իրավաբանական անձանց համար “Հոսթինգ” ծառայության փորձնական կոմերցիոն շահագործման փուլի երկարաձգման մասին: Մինչեւ տարեվերջ ծառայությունը կտրամադրվի անվճար:

Ծառայությունը հնարավորություն է տալիս հաճախորդին ԱրմենՏել-ի հոսթինգ- պլատֆորմի վրա տեղադրել իր կայքը` դոմենի սեփական անունով: Հաճախորդին տրվում է սերվերի վրա որոշակի տիրույթ, հասանելիության միջոցներ (URL-hօsting.beeline.am համապատասխան Login-ով եւ գաղտնաբառով), սերվերի կառավարման հնարավորություն, կարգավորման գործիքներ, փոստային արկղեր եւ այլն:

“ԱրմենՏել ընկերությունը, որպես ազգային օպերատոր եւ Հայաստանի խոշորագույն ինտերնետ մատակարար, շարունակում է աջակցել տեղական վեբ-կայքեր մշակողներին: Վստահ եմ, որ մեր առաջարկը կնպաստի Հայաստանում ազգային բովանդակության զարգացմանը, իսկ կայքերի հոսթինգը երկրի ներսում թույլ կտա ապահովել վեբ-կայքերի հասանելիության բարձր արագություն եւ հուսալիություն”, - ասաց “ԱրմենՏել” ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
 
Ծառայության շրջանակում նախատեսված է 5 սակագնային փաթեթ. Small, Medium, Office, Extra եւ Professional, որոնք փորձնական կոմերցիոն շահագործման ընթացքում տրամադրվում են անվճար:

Small սակագնային փաթեթին միանալիս հաճախորդին տրամադրվում է 50 ՄԲ սկավառակային ծավալ, Medium-ի դեպքում` 100 ՄԲ, Office` 300 ՄԲ, Extra` 500 ՄԲ, Professional` 1 ԳԲ:

Բոլոր սակագնային փաթեթներում նախատեսված է. հաճախորդի կողմից ամբողջական պահուստային պատճենման, ինչպես նաեւ կայքի հաճախելիության վիճակագրությանը ծանոթանալու հնարավորություն, դոմենների եւ ենթադոմենների, MySQL տվյալների բազաների, փոստային արկղերերի տրամադրում եւ այլն:

Ծառայության գործառույթները ներառում են նաեւ DNS, SSL-արձանագրության, FTP հասանելիություն,  Java Applications եւ այլ հնարավորություններ: