10:15 | 08.07.11 | Նորություններ | 2196

iPhone Dev Team-ը նոր հնարավորություններ է ստեղծել JailBreak-ի համար

Երեւան/Մեդիամաքս/. iPhone Dev Team խմբի հաքերները ստեղծել են կայք, որը նույնիսկ ամենաանփորձ օգտվողներին հնարավորություն է տալիս “կոտրել” Apple-ի բջջային տեխնիկան:

Այժմ iOS հարթակի վերջին տարբերակի սարքերը, այդ թվում` iPad 2-ը, կարելի է «կոտրել»` սարքի բրաուզերում բացելով հատուկ վեբ էջը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն` վկայակոչելով  iPhone Dev Team կայքը:

Նախկինում Apple-ի բջջային տեխնիկայի “կոտրումը” իրականացվում էր միայն միացված սարքով համակարգչի վրա գործարկված ծրագրերի օգնությամբ: Այժմ կոտրելու համար օգտվողը պետք է միայն բացի Apple սմարթֆոնների կամ պլանշետային համակարգչի շարքային բրաուզերի հատուկ վեբ կայքը:

JailBreak («փախուստ բանտից») կոչվող “կոտրման” գործողությունը հնարավորություն է տալիս մուտք գործել սարքի ֆայլային համակարգ եւ տեղադրել ծրագրեր, որոնք ստացվում են Apple App Store պաշտոնական ինտերնետ խանութից տարբերվող աղբյուրներից:

Հաքերների կողմից ստեղծված կայքի օգնությամբ կարելի է “կոտրել” iPhone 4 եւ 3GS սմարթֆոնները, առաջին եւ երկրորդ սերնդի iPad պլանշետները, ինչպես նաեւ երրորդ եւ չորրորդ սերնդի iPod Touch մուլտիմեդիա փլեյերները: