14:03 | 23.06.11 | Նորություններ | 3722

ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ Սինոփսիս Արմենիան կխթանեն կապի միջոցների միկրոսխեմաների կրթությունը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը, Սինոփսիս Արմենիան եւ Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիան (ԵԿՏԱ) այսօր ստորագրել են համագործակցության համաձայնագիր, որի նպատակն է խթանել կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաների եւ համակարգերի կրթությունը Հայաստանում:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, համագործակցության շրջանակներում կստեղծվի «Միկրոէլեկտրոնային սխեմաներ եւ համակարգեր» ամբիոնը, որը կտրամադրի բակալավրական եւ մագիստրոսական կրթություն:

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության 15 մլն դրամ աջակցության շնորհիվ կվերանորոգվի ԵԿՏԱ-ի տրամադրած լսարանային տարածքը, իսկ Սինոփսիս Արմենիան անվճար կտրամադրի էլեկտրոնային ավտոմատ նախագծման փաթեթների 20 լիցենզիա:

Սինոփսիս Արմենիա ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը նշել է, որ իր նախադեպը չունեցող նոր մասնագիտությունը նոր մակարդակի կբարձրացնի երկրի տեխնոլոգիական բուհական կրթությունը:

«Ճիշտ եւ նպատակային կրթությունը կարեւոր դեր է խաղում պետության զարգացման գործում: Մենք կարեւորում ենք ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված է որակյալ եւ մրցակցային աշխատուժի ստեղծմանը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: