13:29 | 21.06.11 | Նորություններ | 3492

Հայաստանում կսկսվի Samsung Galaxy S II սմարթֆոնների վաճառքը

Երեւան: Մեդիամաքս: Այսօր Հայաստանում սկսվելու է երկմիջուկանի պրոցեսորով հագեցած եւ Android 2.3 օպերացիոն համակարգի կառավարմամբ աշխատող նոր Samsung Galaxy S II սմարթֆոնների պաշտոնական վաճառքը:

Վաճառքը կսկսվի Հայաստանի բոլոր Samsung ֆիրմային խանութներում, Mobile Centre ցանցում, ինչպես նաեւ VivaCell-MTS-ի եւ Orange-ի  սպասարկման կենտրոններում:

Ինչպես շնորհանդեսին հայտնել է Հայաստանում Samsung Electronics-ի պաշտոնական ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանը, վերջին տարիներին Հայաստանի սմարթֆոնների շուկան արձանագրել է 300%-ոց աճ, իսկ  Samsung բջջային սարքերի վաճառքը ավելացել է 10 անգամ:

«Galaxy S II մոդելը առաջին անգամ ներկայացվել է 2011-ի ապրիլին Հարավային Կորեայում, ուր վաճառքի առաջին ամսում վաճառվել են 800 հազ. բջջայիններ», - նշել է Անդրանիկ Շահբազյանը` ավելացնելով, որ Հայաստանում ընկերությունը նույնպես նոր սարքերի հաջող վաճառք է ակնկալում:

Նրա խոսքերով, սմարտֆոնի  ուղեցուցային գինը Հայաստանում կկազմի 320 հազ. դրամ, սակայն գնային առաջարկները մի փոքր կտարբերվեն միմյանցից` կախված վաճառողների գնային քաղաքականությունից:

Samsung Galaxy S II հագեցած է Exynos երկմիջուկանի պրոցեսորով, 1.2 ԳՀց հաճախականությամբ եւ աշխատում է Android 2.3 պլատֆորմայով: Սարքի առանձնահատկություններից է Samsung Hubs բջջային ծառայությունը, որի օգնությամբ սպառողը հնարավորություն է ստանում օգտվել լայնածավալ ժամանցային կատալոգներից, գրադարաններից եւ կառավարել իր աքաունթները սոցիալական կայքերում: Տվյալ մոդելը ամենաբարակ սմարթֆոնն է` (8,49 мм) եւ հագեցած է 4,27-դյույմանոց Super AMOLED Plus դիսփլեերով, որն 14%-ով ավելի լայն է, քան Galaxy S մոդելինը: