Երեւան: Մեդիամաքս: Այսօր Orange Armenia ընկերությունը եւ Երեւանի քաղաքապետարանը N 3, 15, 16, 22 եւ 28 երթուղիների հինգ ավտոբուսներում գործարկել են անվճար Wi-Fi-ինտերնետ տրամադրելու պիլոտային ծրագիրը:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան, ներկայացնելով նոր ծառայությունը, ասել է, որ «հանրային տրանսպորտում երթեւեկելը ավելի հետաքրքիր կլինի»: Նա հիշեցրել է, որ ընկերության նշանաբանն է` «Ինտերնետը մատչելի դարձնել բոլորի համար»:
Ավտոբուսներում տեղադրված Myfi 3G/Wi-Fi մոդեմին միաժամանակ կարող են միանալ 5 սարքեր, այդ թվում` պլանշետներ եւ սմարթֆոններ: Ապագայում Orange Armenia-ն մտադիր է ընդլայնել տրամադրվող ծառայությունները եւ մոդեմներ տեղադրել բոլոր ավտոբուսներում, ինչպես նաեւ մարդաշատ կանգառներում ու այգիներում:
Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանն ասել է, որ մայրաքաղաքում փողոցների ծանրաբեռնվածությունը բեռնաթափելու նպատակով այս տարի Չինաստանից Երեւան կբերվեն 150-200 նոր ավտոբուսներ: