22:11 | 12.06.11 | Հարցազրույցներ | exclusive 6121

Opera Software. “Շուտով Հայաստանում կունենանք առաջին հաճախորդը”

Արդեն մի քանի տարի է, ինչ Opera ինտերնետ բրաուզերները լայն տարածում են գտել Հայաստանում: Երկրում վաճառվող բջջայինների մեծ մասի վրա նախատեղադրված Opera Mini-ն զբաղեցնում է բջջային բրաուզերների հայաստանյան շուկայի երկու երրորդը, այն դեպքում, երբ ընկերությունը չունի պայմանագրեր տեղական մատակարարների հետ:

Մեդիամաքսի հետ հարցազրույցում  Opera Software-ի չափանիշների գծով տնօրեն Չարլզ ՄքՔեթի Նեւիլը եւ ԱՊՀ-ում Opera-ին կապերի գծով մենեջեր Վլադիմիր Իսաեւը պատմել են Հայաստանում բիզնեսի առանձնահատկությունների եւ ընկերության ծրագրերի մասին:

- 2011թ.-ի ապրիլին Opera եւ Opera Mobile-ի միջին համաշխարհային չափաբաժինը կազմել է 2,14%, իսկ Opera Mini-ինը` ընդամենը 1,11%, սակայն Ռուսաստանում, Հայաստանում եւ ԱՊՀ մյուս երկրներում Opera-ի չափաբաժինը ավելի բարձր է, քան միջին համաշխարհայինը: Մասնավորապես, 2011թ.-ի ապրիլին Opera-ն եւ Opera Mini-ն միասին իրենց ճանաչվածությամբ Ռուսաստանում զբաղեցնում էին առաջին տեղը (շուկայի 36,1 %): Ինչի՞ հաշվին է ընկերությանը հաջողվում նման բարձր դիրքեր պահպանել ԱՊՀ-ում:

Չարլզ ՄքՔեթի Նեւիլ - Այս իրավիճակը պայմանավորված է ոչ այնքան ԱՊՀ շուկայում ունեցած հաջողություններով, որքան մյուս շուկաներում ունեցած անհաջողություններով: Բանն այն է, որ սկզբում Opera-ն վճարովի բրաուզեր էր, եւ բաժանորդները Եվրոպայում եւ ԱՄՆ-ում փնտրում էին դրա անվճար այլընտրանքը: Նշված շուկաներում, ուր ծրագրային ապահովման մեծամասնությունը ավանդապես վճարովի էր, բաժանորդները, ընդհանուր առմամբ, կողմնորոշված էին ստանալու էժան եւ անվճար ծառայություն: Ինչ վերաբերում է ԱՊՀ-ին, այստեղ ամեն ինչ կարելի է անվճար ձեռք բերել, եւ մարդիկ ընտրում էին այն, ինչն իսկապես ավելի նախընտրելի է նրանց համար, եւ Opera-ի ֆունկցիոնալ առավելությունները խաղացին իրենց դերը: Մենք երբեք լուրջ եկամուտներ չենք ստացել ԱՊՀ շուկայում, բայց դրա փոխարեն ստացել ենք բաժանորդների համայնք:

Վլադիմիր Իսաեւ - Opera-ի ստեղծման ժամանակ ինտերնետը զարգացած շուկաների բազմաթիվ բաժանորդների կյանքի մի մասն էր: Նույնը չի կարելի ասել ԱՊՀ-ի մասին, ուր ինտերնետն ու համակարգիչները թափանցեցին ավելի ուշ: Ռուսաստանը, Ուկրաինան, Հայաստանը եւ տարածաշրջանի մյուս երկրները դեռեւս լայնաշերտ հասանելիության խնդիրներ ունեն: Թրաֆիկը խնայելու Opera-ի հնարավորությունը շարունակում է մնալ ԱՊՀ բաժանորդների հիմնական փաստարկը: Այս երկրների շուկաներում, ուր ինտերնետը եւ համակարգիչները մուտք գործեցին որոշակի ուշացմամբ, եւ մարդկանց մեծ մասը չգիտեր, ինչպես օգտագործել դրանք: Սկզբում ձեւավորվեց փորձագետների մի շրջանակ, որը կարեւոր դեր խաղաց ինտերնետի ժողովրդականացման գործում: Հենց նրանք, գիտակցելով Opera-ի առավելությունները թերզարգացած ցանցային ենթակառուցվածքների պայմաններում, սկսեցին ժողովրդականացնել այն: Ի տարբերություն ԱՄՆ-ի եւ Եվրոպայի, մենք Ռուսաստանում եւ ԱՊՀ երկրներում մարկետինգային արշավներ չենք անցկացրել:

- Հատկանշական է, որ Opera-ն, նորարար դառնալով բրաուզերների հնարավորությունների ընդլայնման գործում եւ առաջին անգամ ներդնելով այնպիսի օպցիաներ, ինչպիսիք են`“արագ հավաքման” կամ “ժեստեր մկնիկով” վահանակը, զբաղեցնում է համաշխարհային շուկայի համեստ չափաբաժինը: Ի՞նչն է պատճառը:

Չարլզ ՄքՔեթի Նեւիլ - Ձեր հարցի կարճ պատասխանն է` մարկետինգ: Opera-ի մարքեթինգային բյուջեն չես համեմատի Microsoft-ի, Google-ի եւ Apple-ի բյուջեների հետ: Սակայն նույնիսկ առանց ուժեղ մարկետինգի մեր բաժանորդների թիվը մշտապես աճում է, ինչի մասին վկայում են մեր չափաբաժնի պահպանումը շուկայում` ինտերնետ բաժանորդների թվի մշտական աճի պարագայում: Այսօրվա վիճակը մեզ լիովին բավարարում է, քանի որ ընկերությունն աշխատում է լավ եկամուտով, որը գերազանցում է նախաճգնաժամային ցուցանիշները:

Ինչ վերաբերում է տեխնոլոգիաներին, Opera-ն, իսկապես, շատ հարցերում առաջինն էր, եւ ընկերությունը շեշտը դնում է  հենց նորարարությունների վրա: Պատմությանը հայտնի են շատ դեպքեր, երբ ընկերությունը, շուկայում գերիշխող դիրք զբաղեցնելով, դադարում էր փորձարկումներ անել եւ հանդես գալ նորամուծություններով:

Վլադիմիր Իսաեւ - Պետք է հաշվի առնել, որ Opera Software ընկերությունում աշխատում է շուրջ 750 մարդ, որոնց 60% ծրագրավորողներ են: Այդ պատճառով էլ մենք առաջատար ենք համարվում տեխնոլոգիաների ոլորտում, սակայն ետ ենք մնում գովազդի առումով: Սակայն, կարծում եմ, որ բարձր տեխնոլոգիական ընկերության դեպքում, սա այնքան էլ մեծ թերություն չէ: Opera Software-ը հանրային ընկերություն է, որի արժեթղթերը ներկայացված են նորվեգական ֆոնդային բորսայում, եւ երկու շաբաթ առաջ մեր արժեթղթերի գները արձանագրեցին ամենաբարձր ցուցանիշը վերջին 3 տարվա ընթացքում:  2010 թ.-ին եւ 2011թ.-ի առաջին եռամսյակում մենք ունեցել ենք բավական հաջող ֆինանսական ցուցանիշներ:

- Ինչո՞վ են պայմանավորված հետճգնաժամային նման հաջողությունները:

Չարլզ ՄքՔեթի Նեւիլ - Մեր բիզնես-մոդելի տեղաշարժով: Opera-ն ունի եկամտի 3 հիմնական աղբյուր: Առաջինը` ծրագրային ապահովման մշակումը, երկրորդը` բրաուզերում տեղադրված բլոկը տարբեր համակարգերի որոնիչով, որոնք վճարում են թրաֆիկի համար, եւ երրորդը (այն վերջերս է ավելացել)` համագործակցություն ենթակառուցվածքային ընկերությունների, գլխավոր առմամբ` ցանցային օպերատորների հետ` եկամտի բաժանման սկզբունքով:

Իրենց ծառայությունները եւ սարքավորումները վաճառող ցանցային օպերատորների համար շահավետ է համագործակցել մեզ հետ, քանի որ Opera-ի բրաուզերները` արժեք ավելացնելով նրանց ենթակառուցվածքին, միաժամանակ խնայում են նրանց թրաֆիկը: Ընթացիկ բիզնես-մոդելը մեզ կայուն է թվում` հաշվի առնելով ցանցային օպերատորների մեծ քանակը, ինչն էլ արտահայտվում է ընկերության արժեթղթերի աճով:

- Բանակցո՞ւմ եք հայկական բջջային օպերատորների հետ Opera-ն իրենց պրոդուկտներում տեղադրելու վերաբերյալ:

Վլադիմիր Իսաեւ – Այո, ներկայումս բանակցություններ ենք վարում, եւ շատ շուտով կհայտարարենք գործարքի մասին: Ցավոք, չեմ կարող մանրամասնել, բայց վստահությամբ կարող եմ ասել, որ Հայաստանում մենք հաճախորդ կունենանք:

- Որքա՞ն է Opera-ի բրաուզերների մասնաբաժինը Հայաստանի շուկայում:

Վլադիմիր Իսաեւ - Բջջային բրաուզերների առումով մենք բացարձակ առաջատար ենք. Opera Mini-ն զբաղեցնում է տեղական շուկայի 74%: Ինչ վերաբերում է Opera-ի Desкtop-տարբերակներին, դրանց մասնաբաժինը Հայաստանում այնքան էլ մեծ չէ եւ կազմում է շուրջ 10%: Մենք մինչ օրս լուրջ ուշադրության չենք արժանացրել տեղական շուկան, սակայն մեր բաժանորդների քանակը այստեղ աճում է եւ կարծում եմ, որ ապագայում մենք հանդես կգանք առանձնահատուկ որեւէ բանով: