15:02 | 12.05.11 | Նորություններ | 4532

Էլեկտրոնային առեւտուրը Հայաստանում Visa-ի բիզնեսի առաջնահերթ ուղղությունն է

Երեւան: Մեդիամաքս: Visa միջազգային վճարային համակարգը հայաստանյան բանկերի հետ քննարկում է օտարերկրյա քարտապանների կողմից ինտերնետային վճարումների սպասարկման արտոնագրերի տրամադրման հնարավորությունը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, այդ մասին այսօր Երեւանում հայտնել է Հայաստանում, Վրաստանում եւ Մոլդովայում Visa-ի բիզնեսի զարգացման մենեջեր Իրինա Կամխաձեն:

Նրա խոսքերով, ՀՀ բանկերը շահագրգռված են էլեկտրոնային առեւտրի զարգացմամբ, եւ Visa-ն նրանց հետ քննարկել է դրա համար անհրաժեշտ հավաստագրում անցնելու մանրամասները:

«Ինտերնետային վճարումների սպասարկման արտոնագրերը տրամադրվում են անհատական հիմունքներով, եւ Visa-ի անդամ հայաստանյան բոլոր 10 բանկերը հնարավորություն ունեն ստանալ այն»,- ասել է Իրինա Կամխաձեն` հավելելով, որ դրա համար, նախեւառաջ, անհրաժեշտ է բանկերի տեխնոլոգիական պատրաստվածություն:
 
Վճարային համակարգի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ էլեկտրոնային առեւտուրը, անկանխիկ առեւտրի գործառույթ ունեցող առեւտրի կետերի աճին զուգահեռ, Visa-ի համար հանդիսանում է Հայաստանում բիզնեսի զարգացման առաջնահերթ ուղղություն:

«Հայաստանում Visa-ն ունի մեծ ներուժ: Եթե երկրում բանկոմատների թվի աճը նախորդ տարի կազմում էր 3%, ապա Visa քարտեր ընդունող առեւտրի կետերի աճը կազմել է 46%: Դա վկայում է երկրում անկանխիկ առեւտրի դինամիկ աճի մասին»,- ասել է Իրինա Կամխաձեն: