09:44 | 12.05.11 | Նորություններ | 2752

Օբաման կարող է SMS-ներ ուղարկել ԱՄՆ բոլոր հեռախոսներին

Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարող է Միացյալ Նահանգների ցանկացած բջջային հեռախոսի ուղարկել տեքստային հաղորդագրություններ մոտալուտ վտանգի մասին` ահաբեկչությունից մինչեւ բնական աղետներ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, վկայակոչելով The Telegraph թերթը, հաջորդ տարվանից նոր հեռախոսներն ու այլ պորտատիվ սարքերը պետք է համալրված լինեն հրատապ ծանուցումներ ընդունող հատուկ չիպերով, որոնք կուղարկվեն նաեւ պետական եւ տեղական իշխանությունների կողմից: Սպառողները կարող են հրաժարվել ցանկացած տեսակի ծանուցումից, բացառությամբ նախագահի կողմից ուղարկվողներից, հայտարարել է ԱՄՆ-ի Կապի դաշնային հանձնաժողովը:

Համակարգը ներառելու է հրատապ ծանուցումներ երեխաների անհետացման մասին եւ մշակված է լինելու այնպես, որպեսզի առաջնահերթություն ունենա հեռախոսային մնացած թրաֆիկի նկատմամբ` ուշացումներից խուսափելու նպատակով: 

Զգուշացումներն ունենալու են եզակի ազդանշան եւ վիբրազանգ, ասում են ԱՄՆ-ի Արտակարգ իրավիճակների դաշնային գործակալության պաշտոնական ներկայացուցիչները: