12:54 | 05.05.11 | Նորություններ | 3024

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստանձնել է «Վերածնունդ» մրցույթ-փառատոնի գլխավոր հովանավորությունը

Երեւան: Մեդիամաքս: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստանձնել է «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի գլխավոր հովանավորությունը` հատկացնելով 12 միլիոն դրամ:

“Գյումրի քաղաքը հնուց ի վեր հայտնի է որպես մշակույթի, արվեստների ինքնատիպ քաղաք: ՎիվաՍել-ՄՏՍ-ը, իր համեստ ներդրումն ունենալով ազգային ինքնության պահպանման ու զարգացման վեհ գործին, աջակցում է “Վերածնունդ” փառատոնին` Գյումրիի ժողովրդին մաղթելով ստեղծագործական կորով եւ դժվարություններին դիմակայելու անկոտրում կամք”,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մրցույթ-փառատոնի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, Մարդկային ռեսուրսների զարգացման “Փյունիկ” համահայկական հիմնադրամը եւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը: Փառատոնն անցկացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Մրցույթ-փառատոնին մասնակցում են Հայաստանի բոլոր մարզերի, ինչպես նաեւ 22 երկրի շուրջ 1100 պատանի եւ երիտասարդ երաժիշտ-կատարողներ: