18:10 | 04.05.11 | Նորություններ | 4184

“Օրանժ Արմենիան” դարձավ համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնության գլխավոր հովանավորը

Երեւան: Մեդիամաքս: “Օրանժ Արմենիան” դարձավ համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի առաջին բաց առաջնության գլխավոր հովանավորը:

Ինչպես տեղեկացնում է Մեդիամաքս-ը, այդ մասին այսօր Երեւանում հայտնեցին ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան եւ առաջնության կազմակերպիչ, Հայաստանի ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) տնօրեն Կարեն Վարդանյանը:

Բրունո Դյութուան նշեց, որ Հայաստանը պետք է անմասն չլինի աշխարհում համակարգչային խաղերի ոլորտի դինամիկ զարգացումից եւ առաջնությունը “թույլ կտա բացահայտել տաղանդներին”: 

Համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի առաջին բաց առաջնությունը մեկնարկել է ապրիլին, երբ ժյուրիի դատին են ներկայացվել խաղերի կոնցեպտները:

Մայիսի 14-ին դիմողները կներկայացնեն ժյուրիին խաղերի դիզայնը, հունիսի  4-ին` տեխնիկական հնարավորությունները, իսկ հունիսի 18-ին տեղի կունենա պատրաստի խաղերի ներկայացումը, ինչի արդյունքում նույն օրը կորոշվի լավագույն խաղը եւ առաջնության մյուս 6 անվանակարգերի հաղթողները: Բոլոր միջանկյալ փուլերի ընթացքում մասնակիցները ժյուրիից կստանան միավորներ:

Այս պահի դրությամբ առաջնությանը մասնակցում է 23 թիմ: Նոր մասնակիցները կարող են գրանցվել մինչեւ առաջնության 3-րդ փուլը ներառյալ, սակայն նրանք կկորցնեն մինչեւ մասնակցության հայտը ներկայացնելու օրը անցկացված փուլերի միավորները:

Մրցույթը տարիքային սահմանափակում չունի: Ցանկացողները կարող են մասնակցել նախապես ձևավորված թմով կամ որպես անհատներ: Խաղերի նախագծման համար նախապայմաններ, սահմանափակումներ չկան, մասնակիցը կարող է նախագծել ինտերնետի, համակարգչի կամ բջջային հեռախոսների համար նախատեսված խաղեր, ինչպես նաև ընտրել խաղերի նախագծման համար իրեն հարմար ծրագրավորման լեզուն:

Առաջնության մրցանակային ֆոնդը կկազմի 1.3 մլն դրամ, որից 300 հազ. դրամը կտրվի լավագույնը ճանաչված խաղի հեղինակներին, իսկ մնացածը կբաշխվի հետեւյալ 6 անվանակարգերում հաղթողների միջեւ. Լավագույն սցենար, կերպար, դիզայն, անիմացիա, նորարարություն եւ լավագույն խաղ բջջային հեռախոսների եւ այլ շարժական սարքերի համար:

“Օրանժ Արմենիայի” մարկետինգի գծով տնօրեն Արամ Մկրչյանը տեղեկացրեց, որ մրցանակաբաշխության օրը` հունիսի18-ին, «Օրանժի» Հյուսիսային պողոտայում գտնվող գլխավոր խանութի ստորին հարկում ամբողջ օրվա ընթացքում կանցկացվի ցուցահանդես, որտեղ կցուցադրվեն առաջնության մասնակիցների մշակած խաղերը: