Photo: Photolure
Photo: Photolure
14:11 | 13.04.11 | Նորություններ | 3430
Երեւան: Մեդիամաքս: Գերմանիայի Հայդելբերգի համալսարանի հիվանդանոցի Իոնային ճառագայթային թերապիայի կենտրոնի գիտատեխնիկական գծով տնօրեն, դոկտոր-պրոֆեսոր Թոմաս Հաբերերն այսօր ասել է, որ «Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնը զարգացման լայն հնարավորություններ է ստեղծում»:
«Այն կխթանի ոչ միայն առողջապահության, այլ նաեւ հետազոտական ենթակառուցվածքի զարգացումը: Կենտրոնը Հայաստանի համար շատ հետաքրքիր եւ կարեւոր ներդրում է, քանի որ այդ ոլորտներն իսկապես զարգանալու տեղ ունեն»,- ասել դոկտոր Հաբերերը, ով Հայաստան է եկել միջուկային բժշկության ոլորտի համաշխարհային փորձը եւ կիրառությունը ներկայացնելու նպատակով:
«Նման հանդիպումների միջոցով փորձում ենք համագործակցության հիմքեր ստեղծել`քաղցկեղի բուժման առաջատար տեխնոլոգիաների եւ փորձի կիրառության համար»,- ասել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) առողջապահական ծրագրի տնօրեն Էդվարդ Սաֆարյանը:
Իսկ ՀԱՄՀ գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանն ասել է, որ «Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները` տարածաշրջանում միջուկային բժշկության ոլորտի առաջատարը լինելու համար»:
Ավելի վաղ այս տարի Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում Բեկոր Փափազյանն ասել էր, որ ծրագրի նպատակը 3 բաղադրիչ կյանքի կոչելն է:
«2010 թվականին ծրագրի առաջին կոմպոնենտը` Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը, իրագործելու համար 5 մլն եվրո է մոբիլիզացվել, որից 1.7 մլն եվրոն Բելգիայի կառավարության դրամաշնորհն է: Դրան զուգահեռ այս տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը 3 մլն եվրո կհատկացնի կենտրոնի շենքի շինարարության և ղեկավարության աշխատավարձերը հոգալու համար: Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնում կարտադրի դեղորայք, որն անհրաժեշտ է քաղցկեղի ախտորոշման ու բուժման համար: Այն դժվար է ներմուծել, քանի որ այդ դեղորայքը շատ կարճ կյանք ունի. պետք է օգտագործվի արտադրելուց անմիջապես հետո: Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը կլինի պետական-մասնավոր սկզբունքով գործող և շահույթ չհետապնդող հաստատություն: Երկրորդը ախտորոշման կենտրոնն է, որն անմիջական հաճախորդ կբերի իզոտոպների արտադրության կենտրոն: Երրորդ բաղադրիչը կլինի նոր կլինիկա է, քաղցկեղի բուժման կենտրոն: Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի երկրորդ և երրորդ բաղադրիչները մասնավոր կլինեն: Դրանք իրականացնելու համար մենք հիմա աշխատում ենք մասնավոր ներդրողներ ներգրավելու ուղղությամբ:
Երեքը միասին կգործարկվեն Ի. Ա. Ալիխանյանի անվան Ազգային գիտական լաբորատորիայի (նախկին Ֆիզիկայի ինստիտուտի) տարածքում Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոն անվանմամբ: Առաջին բաղադրիչի շինարարությունը կսկսենք այս տարի, մարտին կհայտարարվի ճարտարապետական և շինարարական միջազգային մրցույթ:
Համագործակցում ենք բելգիական IBA Molecular կազմակերպության հետ, որն այժմ հավաքում է սարքավորումը: Շենքը պետք է շատ արագ կառուցվի, որպեսզի երբ արագացուցիչը պատրաստ լինի, մենք պատրաստ լինենք ընդունել այն: Զուգահեռաբար, համագործակցում ենք նաեւ հավանական ներդրողների հետ, որպեսզի մեկ-երկու տարի հետո, երբ կենտրոնը սկսի գործել, արձանագրենք երրորդ բաղադրիչի բացումը», - ասում էր Բեկոր Փափազյանը: