14:49 | 01.04.11 | Նորություններ | 3455

Orange-ի աջակցությամբ Կաթնաղբյուր գյուղում բացվեց համակարգչային կենտրոն

Երեւան/Մեդիամաքս/. Orange-ը շարունակում է համայնքային զարգացմանն ուղղված իր բարեգործական ծրագրերի իրականացումը: Այսօր Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղում բացվեց գերարագ ինտերնետով ապահովված համակարգչային արդիական կենտրոն, որը հիմնվել է Orange-ի, «Շեն» բարեգործական կազմակերության եւ USAID/CHF-ի համատեղ ջանքերով:

Նախագծի համար Orange-ը տրամադրել է 2,348,000 դրամ:

«Ժամանակակից տեխնոլոգիաները զարգանում են անհավատալի արագությամբ, եւ դրանց կիրառումն ամենօրյա կյանքում ոչ միայն հեշտացնում է մարդկանց կյանքը, կրճատում հեռավորությունները մտերիմների միջեւ, այլ նաեւ կարող է խթանել հասարակական, մշակութային, գիտական զարգացումը, ապահովել մարդկանց մշտական տեղեկացվածությունը: Մենք հեռահաղորդակցության ընկերություն ենք, եւ մեր աշխատանքի նպատակն ու առաքելությունն է հաղորդակցման նորագույն միջոցները հասցնել բոլորին: Այս գիտակցությամբ է Orange-ը կառուցել Հայաստանի ամենաընդարձակ 3G+ ցանցը, իսկ այս համակարգչային սրահը թույլ կտա բոլոր նրանց, ովքեր չեն կարող ունենալ սեփական համակարգիչ տանը, օգտվել եւ համակարգչից, եւ լայնաշերտ ինտերնետից », - ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Այս անգամ նույնպես համակարգչային սրահը կյանքի է կոչվել գյուղի համայնքի հետ միասնական ջանքերի շնորհիվ, ինչն էլ երաշխավորելու է ծրագրի հարատեւությունն ու երկարատեւ հաջողությունը:

2010թ. ընթացքում այս համագործակցության շրջանակներում բացվել են 6 համակարգչային սրահներ Հայաստանի տարբեր մարզերում, որոնց միասնական ամսական այցելություններն անցնում են 2000-ը: