12:32 | 02.03.11 | Նորություններ | 3775

“ՎիվաՍել-ՄՏՍ”-ը կհատկացնի 22 մլն դրամ IT-ոլորտում ՀՀ նախագահի մրցանակի համար

Երեւան/Մեդիամաքս/. “ՎիվաՍել-ՄՏՍ”-ը “Հայաստան” համահայկական հիմնադրամին կհատկացնի 22 մլն դրամ` 2011թ. “ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար” նախագահական ամենամյա մրցանակի ֆինանսավորման նպատակով:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի, “Հայաստան” հիմնադրամի եւ Synopsys Armenia ընկերության միջեւ եռակողմ հուշագրի ստորագրումից հետո “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշել է, որ այդպիսի ծրագրերը նպաստում են Հայաստանում ՏՏ-ոլորտի զարգացմանը:

Synopsys Armenia-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը տեղեկացրել է, որ 2011թ. նախագահական մրցանակի դափնեկրի անունը հայտնի կդառնա 1.5-2 ամիս հետո:

Մրցանակն ունի 5 հավակնորդ, որոնց թեկնածություններն առաջադրվել են IT-ոլորտի միջազգային եւ տեղական կազմակերպությունների կողմից: Հովիկ Մուսայելյանը նշել է, որ հաղթողի ընտրության համար հիմնական չափանիշը բացառիկ ավանդն է IT-ոլորտի զարգացման գործում:

“ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար” նախագահական մրցանակի առաջին դափնեկիրը 2010թ. դարձել էր Intel կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարեթը (Creig Barret):