09:57 | 24.02.11 | Նորություններ | 12365

Fine-ը գործարկել է համակարգչային տեխնիկայի առաջին սուպերմարկետը Հայաստանում

Երեւան/Մեդիամաքս/. Fine ընկերությունը Երեւանում գործարկել է մասնագիտացված խանութ, որտեղ տեխնիկայի վաճառքը կազմակերպված է սուպերմարկետի սկզբունքով, եւ այցելուները կարող են փորձարկել համակարգիչներն ու սարքավորումները:

Fine-ի մարքեթինգի տնօրեն Էդգար Սահակյանը Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում ասել է, որ ընկերությունը ձգտում է Հայաստանում ներդնել տեխնիկայի վաճառքի արտասահմանյան փորձը:

«Տեսականին դուրս բերելով ապակու ետեւից` մենք հեշտացնում ենք մեր գնորդների ընտրությունը: Ամբողջ տեխնիկան ենթակա է երաշխիքային եւ հետերաշխիքային սպասարկման բոլոր արտադրողների հետ մեր պաշտոնական գործընկերության շնորհիվ»,- ասել է Էդգար Սահակյանը` հավելելով, որ եթե վաճառքի այդ ոճը ապացուցի իր արդյունավետությունը, ապա ընկերությունն այդ եղանակով կարդիականացնի իր մյուս խանութները (ներկայումս ընկերությունն ունի 4 խանութ, որից 2-ը Երեւանում են, մյուս 2-ը` Գյումրիում եւ Վանաձորում), ինչպես նաեւ կդիտարկի նոր սուպերմարկետ բացելու հնարավորությունը:

Էդգար Սահակյանը տեղեկացրել է նաեւ, որ խանութում մշտապես ներկա են երեք բանկերի ներկայացուցիչներ, ինչի շնորհիվ գնորդները կարող են ապառիկը ձեւակերպել տեղում: Բացի այդ, Fine-ի մարքեթինգի տնօրենի խոսքերով, մոտ ապագայում խանութում կբացվի Ucom ինտերնետ-պրովայդերի վաճառքի կետը, որն իր ծառայությունները կառաջարկի արտոնյալ հիմունքներով:

Նոր սուպերմարկետի բացմանը ներկա է եղել Հայաստանում, Վրաստանում, Բելառուսում, Մոլդովայում եւ Ուկրաինայում Fujitsu ընկերության վաճառքի գծով մենեջեր Ալեքսեյ Բարաննիկը: Fine-ը Հայաստանում Fujitsu-ի ապրանքատեսակների պաշտոնական վաճառողն ու դիստրիբյուտուրն է:

Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում Ալեքսեյ Բարաննիկը տեղեկացրել է, որ հայաստանյան շուկան Fujitsu-ի համար «ֆոկուսային» է, քանի որ ընկերությունն այստեղ տեսնում է հագեցվածություն եւ մեծ ներուժ: «Մենք առաջիկա մի քանի տարիների ընթացքում ակնկալում ենք Հայաստանում վաճառքի կրկնապատկում եւ եռապատկում, ինչը պայմանավորված է երկրում հեռահաղորդակցությունների բուռն զարգացմամբ, ինտերնետի թափանցելիության աճով եւ համակարգչային գրագիտության բարձրացմամբ»,- ասել է Ալեքսեյ Բարաննիկը:

Պատասխանելով Հայաստանում համակարգչային տեխնիկայի համեմատաբար բարձր գների պատճառների մասին հարցին` Ալեքսեյ Բարաննիկն ասել է, որ Fujitsu-ի արտադրանքը, մասնավորապես, Եվրոպայի, Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի շուկաներին մատակարարվում է նույն գներով: «Մեզ մոտ նույն գներն են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի, Լեհաստանի եւ Գերմանիայի համար»,- ասել է Fujitsu-ի ներկայացուցիչը` նշելով, որ գնային «աղավաղումները» Հայաստանի եւ ավելի խոշոր շուկաների միջեւ առաջանում են ծավալի պատճառով: