10:06 | 17.02.11 | Նորություններ | 3173

Վրաստանում ուժի մեջ է մտել բջջային հեռախոսահամարների փոխանցման ծառայությունը

Երեւան/Մեդիամաքս/. Վրաստանում ուժի մեջ է մտել բջջային հեռախոսահամարների փոխանցման ծառայությունը (Mobile Number Portability), որը բաժանորդներին թույլ է տալիս փոխել օպերատորին առանց հեռախոսահամարի փոփոխման:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, վկայակոչելով «Նովոստի-Գրուզիա»-ն, հեռախոսահամարի փոխանցումը կատարվում է անվճար, ցանկության դեպքում բաժանորդը կարող է հաճախ օգտվել դրանից, սակայն ոչ ավել, քան ամսական մեկ անգամ:

Ներկայումս Վրաստանի բջջային կապի շուկայում գործում են երեք ընկերություններ` «Մագտի», որը զբաղեցնում է շուկայի 42%-ը, «Ջեոսելլ» (45%) եւ Beeline (13%):

2009թ. ամռանը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի /ՀԾԿՀ/ անդամ Սամվել Արաբաջյանը Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում ասել էր, որ Հայաստանում MNP ներդրման հարցում ավելորդ շտապողականությունը «կարող է հանգեցնել հակառակ արդյունքի եւ վնասել շուկայի զարգացմանը»:

Նա նշել էր, որ ՀԾԿՀ-ն գնահատում է տեխնիկական հնարավորությունները եւ պահանջվող ներդրումների ծավալը, ուսումնասիրում է հեռախոսահամարների միասնական գրանցում վարելու արտասահմանյան փորձը:

2010թ. հունվարին Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում ասել էր, որ Հայաստանում բջջային հեռախոսահամարների փոխանցման ծառայության ներդրումը «օգտակար կլիներ շուկայի համար»:

«Մենք MNP կարիք ունենք, եւ այդ ծառայության ներդրման համար անհրաժեշտ ներդրումները պետք է բաժանվեն բոլոր օպերատորների միջեւ»,- նշել էր Orange-ի ղեկավարը: