Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը
11:59 | 10.02.11 | Նորություններ | 3887
Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանի թանգարանների ֆոնդերի մի մասն այսուհետ ներկայացված կլինի սենսորային կրպակների տեսքով:
Ինչպես Մեդիամաքս-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը, գարնանը 8 սենսորային կրպակներ կտեղադրվեն Ազգային պատկերասրահում, Ժողովրդական արվեստի թանգարանում եւ Խաչատուր Աբովյանի թանգարանում:
Նոր ձեւաչափին անցնելու նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են 2009թ., երբ 23 թանգարաններում կատարվեց բոլոր ցուցանմուշների վերահաշվարկ: Այնուհետեւ շատ թանգարաններ սկսեցին ֆոնդերի թվայնացման գործընթացը:
«Առաջնեկը» Հայաստանի պատմության թանգարանն էր, որտեղ արդեն գործում են երկու սենսորային կրպակներ: Ինչպես Մեդիամաքս-ի հետ զրույցում պարզաբանել է թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը, թվայնացումից հետո այս կամ այն ցուցանմուշի մասին անհրաժեշտ տեղեկատվությունը տեղադրվում է սենսորային կրպակում երեք լեզվով` հայերեն, ռուսերեն եւ անգլերեն:
«Կրպակները այցելուներին հնարավորություն են տալիս ծանոթանալ թանգարանի ֆոնդերին, որոնք ֆիզիկապես անհնարին է ներկայացնել ամբողջ ծավալով»,- ասել է Անելկա Գրիգորյանը` նշելով, որ սենսորային կրպակներում ներկայացված է 300 ցուցանմուշ թանգարանի կեսմիլիոնանոց ֆոնդից, եւ հետագայում «էլեկտրոնային ցուցադրությունը» պարբերաբար կթարմացվի:
Ընտրելով իրեն հետաքրքրող բաժինը (հնագիտություն կամ ազգագրություն)` այցելուն կարող է մանրամասն տեղեկատվություն ստանալ ցուցանմուշների մասին: