10:28 | 09.02.11 | Նորություններ | 3634

2011թ. ընթացքում Հայաստանում նախատեսվում է ինտերնետին միացնել 414 դպրոց

Երեւան/Մեդիամաքս/. 2011 թվականի ընթացքում նախատեսվում է ինտերնետին միացնել ՀՀ հանրակրթական 414 դպրոց:

Այս մասին Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ Կրթական Տեխնոլոգիաների Ազգային Կենտրոնի (ԿՏԱԿ) փոխտնօրեն Արմեն Կուլախսզյանը:

414 դպրոցների միացումից հետո համացանցին միացված դպրոցների թիվը կկազմի 1358, կամ բոլոր դպրոցների 93,5%-ը:

2003 թվականին իրականացվեց Հայաստանի դպրոցների ինտերնետով ապահովելու ծրագրի առաջին մասը, որն իրականացվեց «Փրոջեքթ Հարմոնի» կազմակերպության կողմից` ԱՄՆ պետդեպարտամենտի հատկացրած միջոցներով:

2003-2007 թվականներին ինտերնետին միացված դպրոցների թիվը կազմեց 324:

Ցանցի երկրորդ հատվածը ստեղծվեց 2008 թվականին` Համաշխարհային բանկի վարկային  ծրագրի շրջանակներում: Այդ հատվածին միացվեց 320 դպրոց:

2010 թվականին ԿՏԱԿ-ը ստեղծված ենթակառուցվածքին միացրեց եւս 300 դպրոց:

2011 թվականի սկզբի դրությամբ Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցում ընդգրկված էին 944 դպրոցներ: Ինտերնետը հասանելի է եւս 236 դպրոցներում` հաստատությունների սեփական միջոցների շնորհիվ:

Դպրոցների ինտերնետային ցանցը ընդգրկում է ՀՀ բոլոր մարզերը, իսկ մայրաքաղաքի բոլոր դպրոցները արդեն միացված են ինտերնետին:

2011 թվականի սկզբի տվյալներով ՀՀ հանրակրթական դպրոցներում համակարգիչների թիվը կազմում է 14 061: 2010 թվականին այս ցուցանիշը կազմել էր 13 027: Դպրոց-համակարգիչ փոխհարաբերակցությունը միջինում կազմում է 1/9,7:

Արմեն Կուլախսզյանը Մեդիամաքսի հետ հարցազրույցում հայտնեց, որ շատ երկրներում դպրոցները ապահովվում են ինտերնետով, սակայն չունեն դպրոցական ցանց:

“Մեր պարագայում դպրոցները մեկ կենտրոնից ստանում են հնարավորին չափ ֆիլտրված ինտերնետ, որի նպատակն է աշակերտներին զերծ պահել ոչ ցանկալի բովանդակությամբ կայքերից”, - նշել է նա:

Մասնավորապես, Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցի սպասարկման պայմանագրի համաձայն, հնարավորինս արգելափակվում է մուտքը սեռական սանձարձակություն, բռնություն քարոզող կայքեր:

Համեմատության համար, նշենք  որ ինտերնետի ներթափանցման մակարդակը Ադրբեջանի միջնակարգ ուսումնական հաստատություններում 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 22%: Ադրբեջանի կրթության եւ գիտության նախարարության զեկույցի համաձայն, այդ ցուցանիշը վերջին 5 տարիների ընթացքում աճել է 15 անգամ: