09:54 | 19.01.11 | Նորություններ | 3467

Հայաստանում կանցկացվի համակարգչային խաղերի նախագծման բաց առաջնությունը

Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանում առաջին անգամ կանցկացվի համակարգչային խաղերի նախագծման բաց առաջնությունը:

Առաջնությունը, որը նախաձեռնել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ), կանցկացվի 2 փուլով եւ կունենա 6 անվանակարգ` սցենար, կերպարի դիզայն, գրաֆիկական դիզայն, անիմացիա, նորարարություն, կերպարի տեխնիկական հնարավորություններ եւ լավագույն խաղ:  

Ցանկացողները գրանցման հայտ կարող են ներկայացնել ս.թ. հունվարի 17-ից փետրվարի 18-ը: Մրցույթի եզրափակիչը նախատեսվում է անցկացնել 2011թ. մարտ-ապրիլ ամիսներին:  

Հաղթողներին կտրվեն դրամական պարգևներ, ինչպես նաև հնարավորություն կընձեռվի ՏՏ ընկերություններում  մասնակցել տարբեր ծրագրերի և նախագծերի իրականացմանը, մասնակցել մասնագիտական դասընթացների:  

Մրցույթը տարիքային սահմանափակում չունի: Ցանկացողները կարող են մասնակցել նախապես ձևավորված թիմով կամ որպես անհատ: Խաղերի նախագծման համար նախապայմաններ, սահմանափակումներ չկան, մասնակիցը կարող է նախագծել ինտերնետի, համակարգչի կամ բջջային հեռախոսների համար նախատեսված խաղեր, ինչպես նաև ընտրել խաղերի նախագծման համար իրեն հարմար ծրագրավորման լեզուն:

ԻՏՁՄ կայքն է www.uite.org, հեռախոսահամարը` +37410/ 54 88 81: