15:09 | 18.01.11 | Նորություններ | 4026

«ԱրմենՏել»-ի բաժանորդները մեկ շաբաթում սպառում են 300 տերաբայթ ինտերնետ

Երեւան /Մեդիամաքս/. «ԱրմենՏել»-ի բաժանորդները զբաղեցնում են առաջին տեղը «Վիմպելկոմ» ընկերությունների խմբում ինտերնետի սպառման ցուցանիշով: 

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտնել է «ԱրմենՏել» ՓԲԸ (Beeline ապրանքանիշ) գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: Նրա խոսքերով, Հայաստանում «ԱրմենՏել»-ի բաժանորդները մեկ շաբաթում սպառում են 300 տերաբայթ ինտերնետ: 

Իգոր Կլիմկոն ընդգծել է, որ 2011թ. ընկերությունը մտադիր է լուրջ ուշադրություն դարձնել Հայաստանում լայնաշերտ ինտերնետի զարգացման վրա: Հնարավոր է առաջարկվեն նոր սակագնային պլաններ, ավելացվեն արագությունները: 

Խոսելով 2011թ. ծրագրերի մասին` Իգոր Կլիմկոն նկատել է, որ ընկերությունը մտադիր է շարունակել բրենդավորված հեռախոսների առաջխաղացումը հայաստանյան շուկայում, ինչպես նաեւ համակարգչային տեխնիկայի վաճառքը ընկերության վաճառակետերում: 

Ինչ վերաբերում է 4G ցանցի ծառայությունների մատուցմանը, ապա, Իգոր Կլիմկոյի խոսքերով, այդ թեմայով արդեն բանակցություններ են ընթանում: Նա նկատել է, որ չկան համապատասխան ազատ հաճախականություններ, եւ այդ խնդիրը չի կարող լուծվել մեկ օրվա ընթացքում: «ԱրմենՏել»-ի ղեկավարը նկատել է նաեւ, որ 4G ցանցի համար դեռեւս չկա սարքավորումների զանգվածային արտադրություն, ինչը մի փոքր դժվարացնում է այդ խնդրի լուծումը: Իգոր Կլիմկոն տեղեկացրել է, որ 2011թ. ընկերությունը մտադիր է կենտրոնանալ 3G ցանցի հնարավորությունների լիարժեք օգտագործման վրա: