15:06 | 18.01.11 | Նորություններ | 3379

«ԱրմենՏել»-ին սկսել են հարգել, սիրել եւ դիտարկել որպես շուկայի լուրջ դերակատար, հայտարարել է Իգոր Կլիմկոն

Երեւան /Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) ամփոփել է 2010թ. գործունեության արդյունքները: 

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն այսօր կայացած մամուլի ասուլիսում 2010 թվականն ընկերության համար անվանել է հարվածային: Նա ընդգծել է, որ նախորդ տարվա ընթացքում «ԱրմենՏել»-ին հաջողվել է զարգացում արձանագրել բջջային եւ ինտերնետային կապի ոլորտներում: 

Միաժամանակ, Իգոր Կլիմկոն հրաժարվել է նշել ցուցանիշները` ասելով, որ 2010թ. պաշտոնական հաշվետվությունը պատրաստ կլինի փետրվարին: Ընկերության ղեկավարը նկատել է, որ բջջային հատվածում արձանագրվել է բաժանորդային բազայի աճ: Անկախ աուդիտորական ընկերության գնահատականների համաձայն, «ԱրմենՏել» ընկերության բաժանորդների թիվը կազմում է ավելի քան 643 հազ.:

Ֆիքսված ինտերնետի (Hi-Line) ոլորտում արձանագրվել են լուրջ եւ նշանակալի արդյունքներ: Այսպես, Իգոր Կլիմկոյի խոսքերով, արագ ինտերնետը հասանելի է դարձել գրեթե բոլոր քաղաքացիների համար եւ շատ մատչելի սակագներով: Նա նկատել է, որ հայաստանյան շուկա Beeline-ի մուտքից հետո ինտերնետի արտաքին կապուղիների թողունակությունը ավելացել է 137 անգամ: 

Իգոր Կլիմկոն հատուկ ընդգծել է, որ ներկայումս ընկերությունն ունի ամենալայն ցանցը Հայաստանում` 4 կապուղի` յուրաքանչյուրը 40 Գբ/վ արագությամբ: Նրա խոսքերով, 2010թ. ավարտին 3G ցանցի կայանների քանակը կազմել է 220, մինչդեռ 2010թ. սկզբին դրանց թիվը կազմում էր 60: 

Ընկերության 2010թ. նվաճումների թվում Իգոր Կլիմկոն նշել է նաեւ քաղաքացիների վերաբերմունքի փոփոխությունը «ԱրմենՏել» ընկերության նկատմամբ: «Մեզ հաջողվել է կոտրել հոգեբանական անջրպետը ինչպես սպառողների, այնպես էլ աշխատակիցների շրջանում: «ԱրմենՏել»-ին սկսել են հարգել, սիրել եւ դիտարկել որպես շուկայի լուրջ դերակատար»,- ասել է Իգոր Կլիմկոն: