15:00 | 29.12.10 | Նորություններ | 2984

«ԱրմենՏել»-ը գործարկել է շարժական ինտերնետի նոր սակագնային պլան

Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) հայտարարել է 6000 դրամ ամսավճարով շարժական ինտերնետի նոր անսահմանափակ հետվճարային «Drive» սակագնային փաթեթի գործարկման մասին:

«Drive» սակագնային պլանից առնվազն 12 ամիս օգտվելու պայմանագիր կնքելու դեպքում USB-մոդեմը տրամադրվում է անվճար:

«Կապի միասնական օպերատոր «ԱրմենՏել» ընկերությունը հետեւողականորեն զարգացնում է ինտերնետ հասանելիության ինչպես լարային, այնպես էլ անլար տեխնոլոգիաները: Մշտապես ընդլայնելով մեր սակագնային փաթեթների ցանկը` մենք հաճախորդներին հնարավորություն ենք տալիս ընտրել ոչ միայն ինտերնետին միանալու եղանակը, այլեւ գնի ու արագ թրաֆիկի ծավալի առավել ընդունելի հարաբերակցությունը», - նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Drive» սակագնային փաթեթում օրացուցային ամսվա ընթացքում 3072 ՄԲ (upload/download) սպառելուց հետո գործում է արագության սահմանափակում մինչեւ 128 կբիտ/վրկ:

«Drive» սակագնային փաթեթի բաժանորդներն առաջին 12 ամիսների ընթացքում կարող են անցում կատարել շարժական ինտերնետի հետվճարային «Գիշերային» եւ «Անսահմանափակ» սակագնային փաթեթներին եւ հակառակը: Բաժանորդը կարող է պայմանագիրը կնքելու պահից 10 օրվա ընթացքում դադարեցնել այն` վճարելով տրամադրված ծառայությունների դիմաց եւ վերադարձնելով մոդեմը սարքին վիճակում: Շարժական ինտերնետի ծառայությունների մատուցման պայմանագիրը վաղաժամկետ` մինչեւ 12 ամիս լրանալը խզելու դեպքում բաժանորդը վճարում է պայմանագրի ստորագրման օրվա դրությամբ հայտարարված USB-մոդեմի գինը: