10:50 | 29.12.10 | Նորություններ | 3278

Orange-ը միայնակ ծերերին նվիրեց «Հոգատար հեռախոսներ»

Երեւան/Մեդիամաքս/. Ամանորի նախաշեմին Orange-ը նվեր է պատրաստել  «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության խնամքի տակ գտնվող 50 միայնակ եւ ոչ շարժունակ ծերերի համար` տրամադրելով հատուկ «Հոգատար հեռախոսներ»:

Այս հեռախոսը հնարավորինս պարզեցված է, ունի մեծ ստեղներ ու էկրան, հայերեն մենյու, եւ հնարավորություն է ընձեռում մեկ` «Շտապ օգնություն» կոճակի սեղմումով կապ հաստատել նախապես գրանցված մինչեւ 5 հեռախոսահամարի հետ:

Այս հեռախոսի օգնությամբ միայնակ ծերերն անհրաժեշտության դեպքում կկարողանան հեշտությամբ կապ հաստատել «Առաքելություն Հայաստան» կազմակերպության աշխատակիցների հետ:

«Հաղորդակցվելն առաջնային անհրաժեշտություն է բոլորի համար, եւ մենք` որպես հեռահաղորդակցության ընկերություն, երջանիկ ենք մեր այս փոքրիկ նվերով հաղորդակցումը հասանելի դարձնել  միայնակ ծերերին, որոնք միշտ չէ, որ կարող են օգտվել բջջային կապից եւ հեռահաղորդակցության ժամանակակից միջոցներից», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: