11:55 | 23.12.10 | Նորություններ | 3264

WebMoney Transfer-ը միացել է MegaPay համակարգին

Երեւան/Մեդիամաքս/. «Մեգա Պանտերա» ընկերությունը, որը գործունեություն է ծավալում MegaPay ապրանքանիշի ներքո, հայտարարել է WebMoney Transfer միջազգային էլեկտրոնային վճարային համակարգի հետ համագործակցության մեկնարկի մասին:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են «Մեգա Պանտերա»-ում, համագործակցության շրջանակներում WebMoney Transfer համակարգի հայաստանյան սպառողները կարող են իրենց էլեկտրոնային դրամապանակները լիցքավորել MegaPay ակնթարթային վճարումների համակարգի վճարային տերմինալների միջոցով:

Էլեկտրոնային դրամապանակը լիցքավորելու համար անհրաժեշտ է ընտրել «WebMoney» լոգոտիպով կոճակը, ներմուծել դրամապանակի ու բջջային հեռախոսի համարը եւ վճարում կատարել: Վճարումից հետո վճարողին կտվի կտրոն: Դրամապանակները կարելի է համալրել 360 վճարային տերմինալների միջոցով, որոնցից 283-ը տեղակայված են մայրաքաղաքում, 77-ը` ՀՀ խոշոր քաղաքներում եւ գյուղերում:

«Մենք շատ ուշադիր պատրաստվել ենք WebMoney Transfer-ի հետ համագործակցությանը, եւ մեզ համար մեծ պատիվ է Հայաստանում ներկայացնել մեծ անուն ունեցող ընկերություն: Հուսով ենք, որ համագործակցությունը կլինի երկարաժամկետ եւ փոխշահավետ: Մոտ ապագայում մեր համակարգում կընդգրկվեն նոր ծառայություններ, որոնք, հուսով ենք, օգտակար կլինեն մեր հաճախորդներին»,- ընդգծել է «Մեգա Պանտերա»-ի առեւտրային տնօրեն Գեորգի Խուրշուդյանը:

WebMoney Transfer վճարային համակարգը ստեղծվել է 1998թ.: Հիմնադրման օրվանից համակարգը բաց է ազատ սպառման համար բոլոր ցանկացողների կողմից աշխարհի ցանկացած կետում: Այսօր համակարգի գրանցումների թիվը գերազանցում է 12 մլն-ը: WebMoney Transfer-ը հաշվարկների միակ առցանց համակարգն է, որը վարում է ամենօրյա բաց վիճակագրություն: