«ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն
14:19 | 21.12.10 | Նորություններ | 3196
Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) հայտարարել է մեծածախ ինտերնետի սակագնի էական իջեցման մասին:
Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, միջազգային TCP/IP թրաֆիկի նոր սակագներից կարող են օգտվել այն իրավաբանական անձինք, ովքեր ունեն տվյալների փոխանցման եւ ինտերնետ-հասանելիության ծառայությունների մատուցման արտոնագիր:
Պայմանագիր կնքելու դեպքում միջազգային TCP/IP թրաֆիկի տարանցիկ ծառայություններից օգտվելու մեկ մեգաբիթ երաշխավորված սիմետրիկ ինտերնետ ծառայության ամսական արժեքը կկազմի 78 000 դրամ, ներառյալ ԱԱՀ: Ավելի քան 30Մբ/վ թողունակությամբ կապուղի ձեռք բերելու դեպքում 1Մբ/վ կարժենա 75 600 դրամ: Մեկ մեգաբիթի արժեքն ավելի քան 100Մբ/վ թողունակությամբ կապուղի ձեռք բերելու դեպքում կլինի 68 400 դրամ: Եթե գնորդը ձեռք է բերում ավելի քան 300Մբ/վ թողունակությամբ կապուղի, ապա այդ դեպքում յուրաքանչյուր մեգաբիթը կարժենա 62 400 դրամ: Մինչեւ մեկ տարի ժամկետով պայմանագիր կնքելու դեպքում մեկ մեգաբիթ երաշխավորված սիմետրիկ ինտերնետ ծառայության ամսական արժեքը կկազմի 90 000 դրամ:
«Հանդիսանալով Հայաստանի ազգային օպերատոր եւ խոշորագույն հեռահաղորդակցության ոլորտի ներկայացուցիչ` «ԱրմենՏել» ընկերությունը գիտակցում է առաջատարի իր դերը երկրի կապի ոլորտի զարգացման գործում: Մենք պատրաստակամ ենք առաջարկել ինտերնետի նոր մատչելի սակագներ մատակարարներին», - նշել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Նշենք, որ ընկերությունն ինտերնետ է ներկրում հինգ անկախ միջազգային կապուղիներով: