17:23 | 20.12.10 | Նորություններ | 2768

Beeline-ը գործարկել է «USSD-Մենյու» ծառայությունը

Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) հայտարարել է «USSD-Մենյու» ծառայության գործարկման մասին, որը հնարավորություն է տալիս անմիջապես բջջային հեռախոսից հասանելի լինել ընկերության ծառայություններին:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, ծառայության միջոցով բաժանորդը հեշտությամբ կարող է ակտիվացնել կամ ապաակտիվացնել բջջային կապի ծառայությունները, տեղեկատվություն ստանալ սակագնային փաթեթների, միացված ծառայությունների եւ այլնի վերաբերյալ: Ծառայությունը հասանելի է Beeline բջջային կապի բոլոր բաժանորդներին:

«Մենք մշտապես ընդլայնում ենք մեր հաճախորդներին հասանելի ծառայությունների շրջանակը: Բջջային կապի տեխնոլոգիաների զարգացումը, ինչպես նաեւ տասնյակ նոր առաջարկների ներմուծումն առիթ հանդիսացավ ազատելու մեր բաժանորդներին ծառայությունների ակտիվացման կամ ապաակտիվացման կոդերը հիշելու  անհրաժեշտությունից: Բջջային կապի օպերատորի նոր առաջարկը` «USSD-Մենյու» ծառայությունը, նպատակ ունի եւ առավելագույնս խնայել մեր բաժանորդների ժամանակը եւ հեշտացնել մուտքը դեպի մեր ընկերության ծառայություններ»,- նշել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«USSD-Մենյու» ծառայության ակտիվացումը չի պահանջում բջջային հեռախոսի լրացուցիչ կարգավորումներ եւ գործում է գրեթե բոլոր բջջային հեռախոսներում: Ծառայությունն անվճար է, բաժանորդը վճարում է միայն հատուկ ծառայությունների համար` համաձայն իր սակագնային փաթեթի: Ծառայությունը հասանելի է նաեւ ռոումինգում: