10:56 | 25.11.10 | Նորություններ | 3137

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հասույթը երրորդ եռամսյակում նվազել է 5%-ով

Երեւան/Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հասույթը այս տարվա երրորդ եռամսյակում կազմել է 20.9 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 5%-ով:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, վկայակոչելով «МТС» ԲԲԸ ֆինանսական տվյալները, ընթացիկ տարվա III եռամսյակում 2010թ. երկրորդ եռամսյակի համեմատ օպերատորի հասույթն ավելացել է 8%-ով:

2010թ. օպերատորի եկամուտների եռամսյակային աճը բացատրվում է սեզոնային դրական դինամիկայով: Հեռահաղորդակցային օպերատորի հասույթը 2010թ. 3 եռամսյակների ընթացքում կազմել է 58 մլրդ դրամ, ինչը 2%-ով զիջում է նախորդ տարվա համանուն ցուցանիշին:

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գործառնական շահույթը մինչեւ հիմնական միջոցների մաշվածության եւ ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի պահումը (OIBDA) այս տարվա երրորդ եռամսյակում կազմել է 11,5 մլրդ դրամ` նախորդ եռամսյակի համեմատ ավելանալով 12%-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 6%-ով:

Բջջային կապի մեկ բաժանորդից «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ստացած միջին ամսական եկամուտը (ARPU) 3-րդ եռամսյակում կազմել է 3 194 դրամ` 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 10%-ով: Միաժամանակ, MOU ցուցանիշը (մեկ ամսվա ընթացքում մեկ բաժանորդի կողմից օգտագործված րոպեների քանակը) երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 36,6%-ով ` կազմելով 294 րոպե: